Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում

«Հասարակությունում կոնֆլիկտների մեծ մասը տեղի է ունենում էլիտաների՝ իշխանությունը պահող և իշխանության ձգտող փոքրամասնությունների, միջև»։

Նիկոլո Մաքիավելլի

Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար խորքային ցնցումների պատճառ կհանդիսանար, եթե դրանցից յուրաքանչյուրն անգամ հարյուր տարին մեկ պատահեր։ Մեզ մոտ դրանք տեղի են ունեցել ընդամենը երկու սերնդի կյանքի ընթացքում:

Ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա էլիտաների կտրուկ փոփոխությունները, և, առհասարակ, ի՞նչ սկզբունքներով են գործում էլիտաները։ Ընդունված է համարել, որ ինչպիսի էլիտա, կամ ընտրախավ ունի հասարակությունն, այնպիսին էլ նրա ներկան է ու, համապատասխանաբար, ապագան, կամ էլ ապագայի ոչ մի հեռանկար էլ չկա։

Նախ պետք է հստակեցնել, որ պարտադիր չէ, որ ընտրախավը կազմված լինի հանրության սերուցքից։ Էլիտան կարող է լինել կառավարող մարդկանց խումբը, որը միավորված է ընդհանուր շահերով, կազմակերպչական կառուցվածքով, իշխանությունը պահելու ունակություններով։ Կարող է լինել նաև ինտելեկտուալ էլիտա, որը հենված է հանրությանը միավորող գաղափարների ու մշակույթի վրա, ուղղակիորեն չի մասնակցում կառավարման գործընթացին, բայց ունի ուղղորդող ազդեցություն։

էլիտան կարող է լինել «բաց»՝ ժողովրդավարական և «փակ»՝ ավտորիտար, ինչպես նաև համադրված, երբ որևէ դեմոկրատական համարվող երկրում գործում են պետական կարգի և պետական ավանդույթների պահապանները՝ «խորքային պետությունը»։ Կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի էլիտաներ, որոնք ընդհանուր խաղի կանոնների շրջանակում միմյանց հետ համագործակցում են, կամ էլ գտնվում են հակամարտության մեջ: Երբ նման խմբերը միմյանց հետ անզիջում հակամարտության մեջ են գտնվում, ինչպես այսօրվա Հայաստանում, ապա դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։

1988-1991-ին Խորհրդային Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոխարինվեց նորով, և Արցախի համար պայքարի գաղափարի հիման վրա սկսեց ձևավորվել նոր էլիտա։ Դա ազգայնական էլիտա էր, սակայն ետխորհրդային երկրներին բնորոշ լիբերալ հռետորաբանությամբ։

Երկրորդ նման դեպք տեղի ունեցավ 2018-ին, երբ իշխող էլիտան նույնպես փոխարինվեց ։ «Նորերի» գաղափարական հենքն, ըստ նրանց  հրապարակային հռետորաբանության, եղած անօրինականությունների դեմ պայքարն էր ու արդար հարաբերությունների կառուցումը, պարզ ասած՝ սոցիալ-պոպուլիզմը։ Հռետորաբանությունը նույնպես լիբերալ էր, սակայն, սկզբնական փուլում, հաշվի առնելով Արցախի խնդիրը, նույնպես սկսեցին զգուշորեն թեքվել դեպի ազգայնականություն, սակայն, 2020 պատերազմից հետո, «դիմակները պատռվեցին» և բացահայտվեց նրանց իրական դեմքն՝ այդ էլիտան աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի սպասարկուն է։

1988-ին, էլիտայի տոտալ փոփոխությունից հետո, հաջորդ 30 տարիների ընթացքում, այն ենթարկվեց մի շարք ցնցումների՝ պատերազմ, շրջափակում, սեփականության վերաբաշխում, և, վերջում, սկսվեց օլիգարխիկ համակարգի կառուցումը, որը հանրային սպասումներին չէր համապատասխանում և, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ունակ չէր դիմակայելու արտաքին վտանգներին:

Արտաքին մարտահրավերին չկարողացան դիմակայել նաև 2018-ին իշխանության եկած սոցիալ-պոպուլիստները:

Փորձենք այդ ամենի պատճառներն ու օրինաչափությունները հասկանալ էլիտաների մասին եղած արևմտյան տեսությունների օգնությամբ և այդ տեսությունների հիման վրա վերլուծենք հայկական քաղաքական «էլիտաների» մետամորֆոզները՝ փոխակերպումները։

Էլիտաների շրջապտույտի և պարբերական թարմացման մասին տեսությունները

Վիլֆրեդո Պարետտոն էլիտաների մասին տեսությունների հիմնադիրներից մեկն էր, ում Մուսսոլինին իր ուսուցիչն էր համարում։ Էլիտաների վերաբերյալ աշխատություններում նա ամենաշատ ցիտվող հեղինակներից է։

Ըստ նրա, հասարակությունն ունի բրգաձև տեսք, որի գագաթում գտնվում է ղեկավար շերտը, որն ուղղորդում է ողջ հասարակությանը։ Պարետտոն համարում էր, որ քաղաքական համակարգն ունի մի օրինաչափություն՝ իշխող էլիտան միշտ խաբում է հասարակությանն, իսկ ժողովրդավարական կառավարումն անվանում էր դեմագոգների պլուտոկրատիա։ Նա համարում էր, որ հասարակության մեջ եղած «փոխհամաձայնության ռեսուրսը» պայմանավորված է իշխող էլիտայի կողմից հանրության զգացմունքներն ու էմոցիաները արդյունավետ կերպով մանիպուլյացիաների ենթարկելու հմտությամբ։ Ըստ նրա, «կառավարության քաղաքականությունն այնքանով է արդյունավետ, որքանով կարողանում է օգտագործել մարդկանց էմոցիաները, սակայն դա միշտ չէ բավարար. երբեմն պետք է նաև ուժ կիրառել»։

Միևնույն ժամանակ, Պարետտոն համարում էր, որ էլիտաները կրում են հանրային օգտակար գաղափարներ ու մշակույթ, և նրանք այն առանցքն են, որի վրա կառուցվում է քաղաքակրթություն։

Պարետտոյի խոսքերում կարելի է գտնել նաև հայկական «իշխանափոխության-հեղափոխության» բացատրությունը։ Նա ասում էր, որ էլիտան պետք է ունենա իր կազմի թարմացման համար շրջանառություն, այսինքն՝ իշխող էլիտան սովորական մարդկանցից ու, անգամ, կոնտրէլիտայից պետք է պարբերաբար համալրվի առավել ակտիվ ու բանիմաց կադրերով, հակառակ դեպքում հանրությանը սպասվում է ճահճացում, որի արդյունքում տեղի են ունենում հեղափոխություններ, և հին էլիտային գալիս է փոխարինելու նոր էլիտան։

Հետևելով Պարետտոյի մտքին՝ կարելի է այն շարունակել․ ընտրությունների կեղծումը նշանակում է ակտիվ և բանիմաց մարդկանց կրիտիկական մի զանգվածի դուրս թողնել կառավարման համակարգից և հանրության ներսում լարում ստեղծել, որը հանգեցնում է հեղափոխական իրավիճակի, ինչը մենք պարբերաբար տեսել ենք Հայաստանի ետընտրական զարգացումների ժամանակ։ Այսինքն, սոցիալական լիֆտերի բացակայությունն իշխանությունից դուրս է թողնում ընդունակ ու հավակնոտ մարդկանց, որոնք մնալով «դրսում», հանրության մեջ խժդժություններ են ստեղծում:

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ է անցել 6 խմբակցություն: Կազմվել է իշխող կոալիցիա, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանն, ըստ էության, քիչ թե շատ ազդեցիկ ուժերին ներգրավվել է կառավարման գործընթացին։ «Հաճախորդների» ինստիտուտը քաղաքական տեխնոլոգիաների առումով ճիշտ քայլ էր, սակայն, արդեն, 2017-ին, ընդամենը երեք խմբակցություն էր ներկայացված խորհրդարանում, մնացածը դուրս էին մնացել, դուրս էին մնացել նաև արդեն քաղաքական օրակարգ թելադրող քաղաքացիական ակտիվիստները։ Նախագահական համապետական ընտրությունների վերացումը նույնպես լրացուցիչ լարվածություն էր ստեղծել։ Ձևավորվող կոնտրէլիտան դուրս էր մնացել քաղաքական պրոցեսներից, իսկ իշխող ուժի հանրային վարկն իր ցածրագույն նշաձողին էր հասել։

Մյուս խոշոր տեսաբան, ձախ հայացքների տեր իսպանացի Օրտեգա Ի-Գասեթն ավելի ռոմանտիկ պատկերացումներ ուներ, նա համարում էր, որ էլիտա են նրանք, ովքեր որոնում և գտնում են բարձրագույն իմաստությունը և դա տալիս են մյուսներին։ «Մյուսները» զանգվածն է: Դրա համար իշխանությունը պետք է գտնվի մտածող, «ժամանակի բարձրության վրա» գտնվող մարդկանց ձեռքին, մարդկանց, որոնք «լսում են ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցը», տեսնում են իրական կյանքի ողջ ներկապնակը և մերժում են հետադիմությունն ու անարխիան։ Սա, իհարկե, ռոմանտիկ տեսակետ է, որը բնորոշ է ձախ հայացքներ ունեցող տեսաբաններին, որոնց դատողությունների հիմքում արդարության և պրոգրեսի գաղափարն է։

2018-ին կազմված խորհրդարանից դուրս էին մնացել քաղաքական և ֆինանսական էլիտայի զգալի հատվածը: Իշխանության եկած սոցիալ-պոպուլիստները հանրությանը սնուցել էին ձախական խոստումներով՝ պատժել օլիգարխներին, հետ բերել նրանց թալանծը, իսպառ վերացնել կոռուպցիան, ուղիղ ժողովրդավարություն հաստատել, սակայն, իրականում, վարում են լիբերալ–տնտեսական քաղաքականություն՝ եկամտահարկի տոկոսի համահարթեցում, վերացնում են պարզեցված շահութահարկը, կրճատում են պետական հաստատությունների աշխատողների քանակը, և ամբողջովին դրժում էին իրենց նախընտրական պոպուլիստական խոստումներն:  Իսկ «ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցն» ընկալող նոր էլիտայի կարողությունների մասին խոսելը, բնականաբար, տեղին չէ, դրանք նման ունակություններից, գիտելիքներից, պատասխանատվության զգացողությունից ու հմտություններից զուրկ զանգված է։

Խոստումների և իրականության հակասությունն անորոշության մեջ է դրել իշխանափոխությունը պաշտպանած զանգվածին։ Նշված երկու հանգամանքներն ապագայում իրենց ազդեցությունն ունեցան։

Իտալական ծագմամբ ամերիկացի ժամանակակից տեսաբան Ջիովաննի Սարտորին իր «Վերանայելով դեմոկրատական տեսությունները» աշխատությունում զարգացնում է Պարետտոյի էլիտաների շրջապտույտի մասին տեսությունը։ Ըստ նրա՝ իշխող էլիտան չպետք է վերևից նայի մարդկանց զանգվածին, որը ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել է բուրգի գագաթին, այլ պետք է ունենա համապատասխան ունակություններ հանրությանը տանելու դեպի զարգացում։ Երբ դա տեղի չի ունենում, ապա հանրության մեջ առաջանում է լարում, և, արդյունքում, իշխող էլիտան, այս կամ այն եղանակով, դուրս է մղվում առավել ընդունակների կողմից։ Իշխող էլիտան պետք է ունենա բարձր կոչում ու նպատակ, և այդ դեպքում զանգվածը կգնա նման էլիտայի հետևից, սակայն, երբ դա տեղի չի ունենում, ապա զանգվածը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսվում են խժդժությունները:

Էլիտաների ենթամշակույթը

Սկսած 1995 թվականից,Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի հիմնական խնդիրը եղել է օրինական իշխանություն ձևավորելու հարցը՝ ընտրակեղծիքների խնդիրը, այսինքն՝ կա հանրային պատկերացում, որ Հայաստանի հիմնական խնդիրն օրինական իշխանություն ձևավորելն է։ Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի հետ։ Բնականաբար, այն, ինչ կարող է անել լեգիտիմ և օրինական իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվող իշխանությունը։ Սակայն այստեղ ամեն ինչ չէ միանշանակ։

Այս պնդումն ունի երկու հարթություն․

ա/ օրինական իշխանության որոշումները հանրությունը չի կարող չընդունել, որովհետև ինքն է ձևավորել իշխանությունը,

բ/ լեգիտիմ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հանրության համար կարող են լինել ցավոտ և անգամ անընդունելի։

Պարզ է, որ ընտրությունների միջոցով իշխանության եկած իշխանությունը կարող է իրականացնել հանրության համար ցավոտ ռեֆորմներ՝ օգտագործելով իր լեգիտիմության ռեսուրսը։ Սակայն մեզ այլ խնդիր է հետաքրքրում՝ արդյոք հանրության կողմից արդար կերպով ընտրված իշխանությունն, այնուամենայնիվ, մի՞շտ է գործում ի շահ հանրության և լինելով օրինական, արդյոք չի կարող կորցնել իր լեգիտիմությունը՝ հանրության երբեմնի աջակցությունը։

Նման բան մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանում, երբ Երրորդ Հանրապետության գաղափարական ողնաշարը փշրվեց Արցախի պատերազմի պարտությամբ, որից հետո գործող էլիտան ճանաչեց այդ փաստը, սկսեց ուրանալ պատմությունը, պատերազմ հայտարարեց եկեղեցուն, հարձակումներ սկսեց ազգային խորհրդանիշների վրա, կասկածի տակ դրեց ազգային ինքնության հենասյուները: Այս առումով, օրինական կերպով ընտրված էլիտան, մերժելով ազգային նքնության բոլոր հենասյուները, ի վիճակի չէ հանրությանն առաջարկել այլտնտրանքային ինքնություն: Փաստորեն, 2018-ին իշխանության եկած խումբը կոմպիտենք չէ պահպանելու իր լեգիտմությունը:

Մեր ժամանակներում ընտրական նուրբ հնարքների, հանրային կարծիքի մանիպուլյացիաների ու, հատկապես, TT տեխնոլոգիաների միջոցով, երբ օգտագործում են անձնական տվյալները, թույլ են տալիս կառավարել հանրային կարծիքը։ Կարևոր է հասկանալ, որ արդար և թափանցիկ ընտրությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ իշխանության եկած էլիտան ցանկանալու է, կամ ունակ է, ծառայել հանրային շահին։

Ամերիկացի մշակութաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Չարլզ Ռայթ Միլզի (1916-1962) «Իշխող էլիտան» աշխատությունը ժամանակին էլիտաների մասին տեսությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ետպատերազմյան Ամերիկայի վիճակի մասին խոսելիս, որը քաղաքական ու սոցիալական փոփոխությունների փուլ էր մտել, գրում էր․ ««Մեծ փոփոխությունները» կախված չեն զանգվածների կարծիքից, բայց ազդում են յուրաքանչյուր անձի պահվածքի և աշխարհայացքի վրա։ Այդ փոփոխությունները բոլոր կողմերից ճնշում են հասարակ մարդուն։ Ժամանակակից հասարակության կառուցվածքն այնպիսին է, որ փոփոխությունները մարդկանց պարտադրում է ծառայել այլոց մտահղացումներին։ Ահա այդ պատճառով է, որ նման ժամանակահատվածում, երբ նրանք զրկված լինելով իրավիճակի վրա ազդելուց՝ զրկվում են իրենց կյաքն ըստ իրենց մտահղացումների կառուցելուց»։

Ըստ Միլզի՝ Ամերիկայի ճակատագիրը գտնվում է երեք ինստիտուտների ձեռքում՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական։ Ազդեցիկ մարդիկ են համարվում նրանք, ովքեր կարողանում են որոշումներ ընդունել անգամ այն ժամանակ, երբ հանրության ճնշող մեծամասնությունը դրան դեմ է։ Էլիտան, ըստ Միլզի, գնալով ավելի շատ է իրեն զգում որպես առանձին սոցիալական շերտ, և նրա անդամները միմյանց նկատմամբ բոլորովին այլ վարվելակերպ են դրսևորում, քան մյուսների հանդեպ․ միմյանց լավ են հասկանում, միմյանց հետ ամուսնական կապեր են կնքում, և, եթե միմյանցից տարբերվող կերպով են մտածում, այնուամենայնիվ գործում են միանման։

Ըստ նրա, հանրության մեջ ձևավորվում է սուբէթնոս, մյուսներից տարբերվող պահվածքով, վարվելակերպով, մշակույթով ու գիտելիքների պաշարով:

Նմանատիպ պրոցեսներ կային Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ միջկլանային ամուսնությունների, սանիկ-քավոր հարաբերությունների, ընդհանուր բիզնես շահերի միջոցով ամրացնում էին փոխադարձ կապերը, պետական պաշտոնների էին տեղավորում իրենց հետ փոխկապակցված անձանց, ինչը նաև որոշակի ենթամշակույթ էր ձևավորում։ Այդ ամենը ոչ միայն Հայաստանին է բնորոշ եղել։

2018-ին իշխանության եկած Հայաստանի նոր իշխող էլիտան որպես «սուբէթնոս», իր ենթամշակույթով, դեռևս չի ձևավորվել, իսկ կառավարման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների մասին խոսելն անգամ ավելորդ է, սակայն իշխող էլիտայի շահերը հանրային շահերի հանդեպ կարող են դառնալ դոմինանտ, եթե ավելի երկար ժամանակ մնան իշխանության։

Նման բան տեղի է ունեցել 1988-ից հետո և կարող է տեղի ունենալ 2018-ից հետո, ինչը բնական է, սակայն որքանով պետական շահը կփոխկապակցվի իշխող էլիտայի շահին և կդառնա քաղաքական դիսկուրսի առանցք, ամենակարևոր հարցն է։ Պատահական չի, որ հիմա նրանք փորձում են ոչնչացնել մինչ այդ եղած ինքնության բոլոր հենասյուները՝ պետական խորհրդանիշներ, գրականության ու պատմության դասագրքերը, բանավեճեր են ծավալում սփյուռքի ու եկեղեցու դեմ, գենդերի խնդրով լիբերալ խոսույթներ են փորձում ձևավորել: Ըստ էության, փորձում են ոչնչացնել բոլոր այն ինստիտուտներն ու պատկերացումները, որոնք կարող են դիմադրել իրենց, իսկ, գուցե, ապագայում, իրենց արածների համար հաշիվ ներկայացնել:

Հանրության մասնակցությունը կառավարման գործընթացին

Ֆրանսիացի սոցիոլոգներ Պ․ Բիրնբաումը և Ժ․ Շվարցենբերգն իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են հետևյալ եզրակացություններին․

քանի որ ողջ հասարակությունը չի կարող մասնակցել կենսական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, նման որոշումներն ընդունվում են շատ նեղ մի շերտի կողմից և սոցիալական ու տնտեսական անհավասարությունը պահպանվում է նաև ժողովրդավարական կարգերի ժամանակ, և միշտ չէ, որ քաղաքացիները ձգտում են մասնակցել կառավարման գործընթացին:

Իշխող էլիտայի որակը և վարվելակերպը փոխկապակցված են տվյալ հասարակության տնտեսական, մշակութաբանական, քաղաքացիական գիտակցության մակարդակի հետ, ինչից էլ կախված է, թե որքանով տվյալ հասարակությունը կկարողանա վերահսկել կառավարության գործողությունները։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսն իր «Քաղաքական կուսակցությունները» աշխատությունում պնդում էր, որ ցանկացած սոցիալական կառույց ենթարկվում է օլիգարխիկ կառավարման։ Էլիտաների իշխանությունը կախված է իրենց կազմակերպվածությունից, իսկ հասարակության կազմակերպվածությունը պահանջում է էլիտար ղեկավարություն, և նման պահանջված էլիտա կազմավորվում է։

Ըստ Միխելսի, ժողովրդավարությունը, խիստ ձևակերպման դեպքում, անհնարին է, և լավագույն դեպքում կարող ենք ունենալ մրցակից էլիտաների համակարգ, որը կարող է հանրության համար նրանց միջև ընտրություն կատարելու հնարավորություն ստեղծել, ինչը կընկալվի որպես ժողովրդավարություն:

Ժողովրդավարական համակարգերի ամենաբնորոշ հատկությունն իշխանության ճյուղերի հավասարակշռվածությունն է, երբ գործադիր իշխանությունը չի գերակայում օրենսդիրի վրա, իսկ դատական իշխանությունն ինքնուրույն է։ Մյուս կարևոր բնութագրիչը տնտեսության և քաղաքականության տարանջատվածությունն է։ Ժողովրդավարական երկրներում այդ ամենը ամրագրված է Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Սակայն օրենսդրությունը դեռ բավավար չէ, որ համակարգն աշխատի, ու դրա վառ վկայությունն է Հայաստանի անցած 30 տարվա քաղաքական պատմությունը։ Այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ավանդույթներ, աշխարհայցք, և ամենակարևորը՝ դրա համար անհրաժեշտ է մեկ այլ բան, որը կոչվում է «էլիտաների բազմակարծություն»։

Հայաստանում, սկսած 1988-ից, էլիտաների բազմակարծությունը, որպես քաղաքական մրցակցության մեխանիզմ, պարբերաբար ոչնչացվել է։ Սկզբնական փուլում ՀՀՇ-ն ոչնչացրեց կոմունիստական էլիտան, որն ուներ կառավարման փորձ, սակայն, բարոյապես պարտվել էր։ Հաջորդ փուլում պարտվեց ՀՀՇ-ի քաղաքական թևը, և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եկավ պատերազմով անցած ուժային թևը։ Պատահական չէր, որ 1999-ին Վազգեն Սարգսյանն իր թիմ ներգրավեց նախկին կոմունիստական էլիտայի մնացուկներին, իսկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից հալածված Դաշնակցությանը, ԱԺՄ-ին և մյուսներին։ Դրանով փորձ էր արվում կառավարման համակարգին ինտեգրել խաղից դուրս մնացած քաղաքական էլիտաներին։ Դա լավ հնարավորություն էր, որպեսզի ձևավորվեին երկու էլիտաների բուրգեր, որոնք միմյանց հետ կմրցակցեին, սակայն դա տեղի չունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի պատճառով։

Հայաստանում քաղաքական էլիտաները չէին կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև ետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին՝ նա տիրում է իշխանությանը, և՝ հակառակը, ով ունի իշխանություն, նա էլ տիրապետում է կապիտալը,  և այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից, որպեսզի նրանց զրկել իշխանության գալու հնարավորություններից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում։

Ամերիկացի գիտնական Վլադիմիր Օրլանդո Քեյն իր «Հանրային կարծիքը և ամերիկյան ժողովրդավարությունը» աշխատությունում պնդում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը միշտ կենտրոնացած է էլիտար փոքրամասնության ձեռքին, սակայն պահպանվում են զանազան փոքրամասնությունների իրավունքները։

«Էլիտաների պլյուրալիզմի» տեսությունը համարում է, որ իշխանությունը միշտ փոքրամասնություններին է պատկանում, և որպեսզի լինի ժողովրդավարություն, անհրաժեշտ է, որ էլիտաների միջև լինեն բազմակարծություն, կամ «էլիտաների ժողովրդավարություն»։ Էլիտաները կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն նրանք «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության․ «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։

Տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ Ժոզեֆ Շումպետերը «էլիտար ժողովրդավարության» տեսաբաններից է, ըստ նրա՝ ժողովրդավարությունը բռնապետությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարական համակարգերում գոյություն ունեն մի քանի էլիտաներ և ժողովրդավարական համակարգերի շնորհիվ գոյություն ունեն արդար ընտրություններ, և դեպի իշխանություն ճանապարհն անցնում է քաղաքացիների ձայների համար մղվող պայքարով։

Հասկանալի է, որ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ ունեն մասնագիտացած խավերը, իսկ գաղափարները տրվում են ինտելեկտուալ էլիտայի կողմից։ Հասարակ քաղաքացիները չունեն կառավարման փորձ ու գիտելիքներ և միշտ որոնելու են այն մարդկանց, որոնք կարող են իրենց առաջնորդել։ Մյուս կողմից, հասարակությունը պետք է ձեռք բերի համապատասխան արժեհամակարգ, և պետք է ձևավորվեն անհրաժեշտ ավանդույթներ, որոնք թույլ կտան «էլիտաների ժողովրդավարությունը» լայնացնել և ժամանակի ընթացքում տարածել ողջ հասարակության վրա։

Էլիտաների մասին տեսությունը թույլ է տալիս «սոցիալական սանդղակի» գոյությունը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար, որպեսզի առավել ընդունակ և ամբիցիոզ անձինք ներգրավվեն կառավարման համակարգ։ Դա անհրաժեշտ է էլիտաներին թարմ արյուն ներարկելու համար, ինչպես նաև այդ անձանց թույլ չտալու համակարգից դուրս մնալ՝ հանրության շրջանում նրանց կողմից լարվածություն չստեղծելու համար։

Տեսաբան Ռոբերտ Դալի կարծիքով, ժողովրդավարության աստիճանը պայմանավորված է նրանով, թե որքանով է ժողովուրդը «մոտ» գտնվում կառավարող էլիտային: Քաղաքացիների հանրային կյանքին ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարության զարգացման կարևոր գրավականներից է։

Որքան քաղաքացիների ներգրավվածությունը մեծ է, այնքան մեծ են կառավարող էլիտայի հանդեպ պահանջները, այնքանով իրական է դառնում ժողովրդավարությունը։

Իսկ մինչ այդ արևմտյան տեսաբաններ Թ․ Դայի և Լ․ Զիգլերի «Ժողովրդավարություն էլիտաների համար» գրքում գրում են․

« ․․․ քաղաքացու անցումը դեպի կառավարող էլիտա պետք է լինի դանդաղ, որպեսզի պահպանվի կայունությունը, և համակարգը զերծ լինի ծայրահեղականությունից, էլիտաները միասնական են այն համոզմունքում, որ պետք է պահպանվեն գոյություն ունեցող սոցիալական համակարգի հիմնարար արժեքները, պետական քաղաքականությունն արտացոլում է ոչ թե զանգվածների պահանջներն, այլ էլիտաների շահերը ․․․»։

«Էլիտաների բազմակարծության» հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ կան էլիտաների տարբեր խմբեր, և նրանց միջև առկա մրցակցությունը հասարակությանը թույլ է տալիս վերահսկել կառավարությանը և թույլ չտալ, որ ձևավորվի կառավարող միակ և միասնական շերտ, ինչը Հայաստանում տեղի է ունեցել մինչ այժմ և, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։

Մենք չենք անդրադառնում էլիտաների ներսում գործող հարաբերությունների կանոններին, որոնք պետք է ապահովեն էլիտաների ներսի «խաղի կանոնները»։ Պատահական չէ, որ Հայաստանում ոչ մի իշխող ուժ չի ցանկանում ընդունել կուսակցությունների մասին նոր օրենքը, որը թույլ կտա ժողովրդավարական մեխանիզմներ ապահովել յուրաքանչյուր կուսակցության մեջ՝ ըստ էության, էլիտաների խմբերի մեջ։ Դա արդեն այլ թեմա է։

ՍտեփանԴանիելյան