Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա

2024-ի նոյեմբերի 22-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր «Սպարապետ» Հանրային Քաղաքականության Ուսումնասիրությունների Կենտրոնը:

Քննարկման բանախոսներն էին.

  •  Արթուր Մարտիրոսյանը, բանակցային գործի մասնագետ,
  •  Սուրեն Սարգսյանը, քաղաքագետ, ամերիկանագետ,
  •  Արսենի Սապարովը, Աբու-Դաբիի Ռաբդան ակադեմիայի պրոֆեսոր (Rabdan Academy),
  •  Կարեն Դադուրյանը, դիվանագետ,
  •  Ռոբերտ Բեգլարյանը, 2004-2016 և 2020-2024 Իրանի Մեջլիսի պատգամավոր,
  •  Ստեփան Դանիելյանը, մոդերատոր, «Սպարապետ» կենտրոնի համահիմնադիր:

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի ճանաչված դեմքեր՝ քաղաքագետներ, դիվանագետներ, անալիտիկներ, իրավաբաններ, քաղտեխնոլոգներ, հանրային գործիչներ, նախկին զինվորականներ, միջազգայնագետներ, լրագրողներ: Բանախոսների ելույթներից հետո մասնակիցներն արձագանքեցին ելույթների հիմնական թեզիսներին, ինչպես նաև կարևորեցին վերկուսակցական ֆորմատով նման քննարկումների կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչը հազվադեպ է տեղի ունենում: Քննարկմանը մասնակցում էին մոտ 70 փորձագետ:

Արթուր Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ բանակցային գործի մասնագետ է ու ներգրավված է միջազգային կոնֆլիկտների լուծման գործին, այդ թվում ընթացող ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ փակ փորձագիտական քննարկումներին, որի լուծումների բարդությունները նա ներկայացրեց:
Ըստ Մարտիրոսյանի, աշխարհում տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են և շատ բան կախված է ԱՄՆ- ում տեղի ունեցող գործընթացներից և Թրամպի հնարավոր քաղաքականությունից, որին պարոն Մարտիրոսյանը ընդարձակ կերպով անդրադարձավ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներից, որն ուղղակիորեն ազդում է Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Այս առումով, ըստ պարոն Մարտիրոսյանի, ցանկացած զարգացումների դեպքում հայկական շահերը կարող են վտանգված լինել:
Ստեղծված անորոշության ժամանակաշրջանում շատ կարևոր է հասկանալ ու գույքագրել ապագա բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող են աշխարհում ստեղծվել, այդ թվում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Այդ սցենարներն ու մարտահրավերները պետք է վերլուծվեն մեր հնարավոր արձագանքերը մշակելու համար: Իսկ դրա համար նման աշխատանքով զբաղվող կենտրոններ պետք ստեղծեն: Մարտիրոսյանը կարևորեց «Սպարապետ»- ի նման նախաձեռնությունը:

Սուրեն Սարգսյան, քաղաքագետ, ամերիկանագետ

Պարոն Սարգսյանը ներկայացրեց ԱՄՆ ներքաղաքական զարգացումներն ու Թրամպի հնարավոր քաղաքականությունը ռուս-ուկրաինական և Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ իրանական կոնֆլիկտների առումով, որոնք ուղղակիորեն ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճակատագրի վրա: Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին, ըստ պարոն Սարգսյանի, ԱՄՆ միջնորդությունը դեռևս արդյունավետ չէ և Բայդենին չի հաջողվում այս առումով ՛՛հաջողված պատմություն՛՛ արձանագրել: Հետագա զարգացումներն արդեն կախված են Թրամփի քաղաքականության հետ, որի մասին ավելի առարկայական կերպով հնարավոր կլինի խոսել, երբ նա ստանձնի նախագահութունն ու հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ:

Արսենի Սապարով, Աբու-Դաբիի Ռաբդան ակադեմիայի պրոֆեսոր (Rabdan Academy)

Պարոն Սապարովն իր դոկտորական թեզը պաշտպանել է Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցում, դասավանդել է Միչիգանի համալսարանի հայագիտության ամբիոնում, Շարժայի համալսարանում, հիմա՝ Աբու-Դաբիի Ռաբդան ակադեմիայում: Ունի գիտական հոդվածներ , այդ թվում, թե ինչպես է ներկայացվում հայ-ադրբեջանական ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Պարոն Սապարովը ներկայացրեց իր վերջին հոդվածներից մեկը, որտեղ ցույց տվեց, թե որոշ գիտական հոդվածներում, որոնք ազդեցություն ունեն գիտական աշխարհում այս խնդիրների վերաբերյալ կարծիք ձևավորելու գործում, ինչ ձևակերպումների միջոցով են փորձում ՛՛անկախ փորձագետները՛՛ հավասարության նշան մտցնել Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումների, գերիների ու պատանդների պահման ու հայկական կողմի միջև:
Պրեզենտացիան ծավալուն էր ու շատ օգտակար: Ցավոք սրտի, նման հոդվածները Հայաստանում արձագանք չեն գտնում, չեն ներկայացվում գիտական միջավայրում և դրանցից հետևություններ չեն արվում: Ավելին, նման հոդվածների հեղինակներին հրավիրում են Հայաստան, հարցազրույցներ վերցնում, որոնք այդ հեղինակներին հիմք են տալիս ներկայանալ որպես անկախ փորձագետներ, ինչն իրականում այդպես չէ: Այս հարցում պետական քաղաքականության բացակայության պայմաններում, չկան նաև անկախ հետազոտական կենտրոններ, որոնք կարողանան բացահայտել նման փորձագետների ոչ անաչառությունը, և արդյունավետ կերպով հակադարձել: Նման հետազոտական կենտրոնների ստեղծումը չափազանց կարևոր է:

Կարեն Դադուրյան, դիվանագետ

Ըստ պարոն Դադուրյանի, այն, ինչը տեղի է ունենում ռուս-ուկրաինական ու իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում, պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որը բերում է լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, այդ թվում փորձարկվում են ոչ միայն նոր զինատեսակներն, այլև հին գաղափարներ նոր համատեքստում՝ էթնիկ զտումներ, շրջափակում, սննդի սահմանափակման միջոցով բնակչության տեղահանություններ, ուժի կիրառում կոնֆլիկտներն ու վիճելի խնդիրները լուծելու համար: Դրանք դառնում են նոր իրականություն: Այդ ամենն օգտագործվել է նաև Արցախում, որից առաջ սկսեցին խոսել, որ Հարավային Կովկասում ստեղծված Ստատուս-Քվոն պետք է փոխվի: Պարոն Դադուրյանը խոսեց կոմունիկացիաների, միջանցքների ու աշխարքաղաքական փոփոխությունների փոխկապակցվածության մասին:

Ռոբերտ Բեգլարյան, 2004-2016 և 2020-2024 Իրանի Մեջլիսի պատգամավոր

Պարոն Բեգլարյանը 16 տարի եղել է Իրանի Մեջլիսի պատգամավոր, հատկապես Հայաստանի համար ճակատագրական 2020-2024 թվականներին: Բեգլարյանը, մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, ներկայացրեց Իրանի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական իրավիճակն ըստ թվերի և Հայաստանի հետ եղած ու հնարավոր տնտեսական կապի մասին: Ըստ պարոն Բեգլարյանի, Իրանը ծանրագույն տնտեսական դժվարությունների մեջ է գտնվում, որն տնտեսական ու քաղաքական սանկցիաների հետևանքն է: Նրա ելույթը շաը հետաքրքիր ու կարևոր էր ներկաների համար մեր հարևանի Իրանի մասին ավելի խորն ու օբյեկտիվ կարծիք կազմելու համար: Նման վերլուծություններն ու ներկայացումները Հայաստանում հազվադեպ են հնչում:

Ելույթներից հետո հնչեցին հարցեր, ռեպլիկներ, որոնց հիման վրա ծավելվեց քննարկում:

  • Քննարկման ընթացքում մասնակիցները համաձայնեցին, որ կարևոր է ուշադիր հետևել գլոբալ զարգացումներին, հասկանալով, որ դրանց շատերը կարող են ունենալ նշանակալի և երկարաժամկետ հետևանքներ Տրանսկովկասի տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար։ Գեոպոլիտիկ, տնտեսական և տեխնոլոգիական միջավայրում արագ փոփոխությունները պահանջում են ակտիվ մոտեցում` նորագույն գլոբալ միտումների հասկացման և դրանցով արձագանքելու համար։ Մասնակիցները ընդգծեցին, որ նման զգոնությունը կօգնի Հայաստանին արագորեն բացահայտել հնարավոր ռիսկեր և հնարավորություններ, ինչի արդյունքում այն կկարողանա ավելի արդյունավետ դիրքավորվել միջազգային ասպարեզում։
  • Կարծիքների միաձայն համաձայնություն էր ձեռք բերվել, որ կարևոր է վերականգնել և ամրապնդել հարաբերությունները տարածաշրջանային ազդեցիկ երկրների հետ: Սահմանակից պետությունների և տարածաշրջանային ուժերի հետ ուժեղ դիվանագիտական կապերի հաստատումը մնում է կայունությունը ապահովելու և ազգային շահերը առաջ տանելու հիմնական նախադրյալը:
  • Տնտեսական համագործակցությունը նույնպես ընդգծվել է որպես կարևոր ոլորտ, որտեղ գործընկերությունները կարող են խթանել փոխշահավետություն, հատկապես առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման մեջ: Մասնակիցները շեշտեցին, որ, իհարկե, արդեն գոյություն ունեցող հարաբերությունները պետք է վերակենդանացվեն, սակայն Հայաստանը պետք է նաև ակտիվորեն որոնի նոր, խոստումնալից գործընկերություններ այն երկրների հետ, որոնք համահունչ են Հայաստանի ռազմավարական և երկարաժամկետ զարգացման նպատակներին:
  • Հատուկ ուշադրություն էր դարձվել Ինդիայի և Չինաստանի նման երկրների հետ հարաբերությունների զարգացումներին, որոնք ոչ միայն ունեն նշանակալի գեոպոլիտիկ և տնտեսական ազդեցություն, այլև ներկայացնում են հնարավորություններ Հայաստանի համար դուրս գալ ավանդական դաշնակիցներից ու բազմազանել իր գործընկերությունները: Այս երկրները, ինչպես նաև մյուսները, կարող են լինել արժեքավոր գործընկերներ Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական և անվտանգության շահերի առաջխաղացման համար: Փոխադարձ շահերի ոլորտներ՝ բարեկամական համագործակցության կայուն շրջանակներ ստեղծելը կբարելավի Հայաստանի կարողությունը՝ գործելու ավելի ինտեգրված և մրցակցային գլոբալ միջավայրում:
  • Բացի այդ, հստակ ընդգծվեց, որ անկախ այն բանից, թե ինչ ռազմավարական ուղղություն կընտրի Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ, ամուր և ունակ զինված ուժերի հիմքը բացարձակ անհրաժեշտություն է: Հզոր պաշտպանության ենթակառուցվածքը համարվեց կարևոր ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլև Հայաստանի բանակցային դիրքերի ամրապնդման համար՝ ցանկացած դիվանագիտական կամ տնտեսական գործընկերության մեջ: Բարեհաճ պատրաստված և արժանահավատ զինված ուժերը կցուցադրեն ինչպես հնարավոր դաշնակիցներին, այնպես էլ հակառակորդներին, որ Հայաստանը վստահելի և դիմացկուն գործընկեր է, որն ընդունակ է պահպանելու իր պարտավորությունները և պաշտպանելու իր ինքնիշխանությունը:
  • Մասնակիցները եզրափակեցին, որ համապարփակ մոտեցում՝ միահյուսելով ռազմավարական դիվանագիտություն, տնտեսական ներգրավում, նորարարական գործընկերություններ և հզոր ազգային պաշտպանություն, շատ կարևոր է Հայաստանի համար՝ արդյունավետորեն հաղթահարելու ներկա մարտահրավերները և կարողանալու առավելագույնս օգտագործել ապագայի հնարավորությունները ավելի բարդացող գլոբալ միջավայրում: Հարկավոր է ստեղծել և պահպանել հետազոտական կենտրոններ, որոնք մշտապես գործելու են նման համապարփակ կառավարման մոտեցում մշակելու համար: Այս կենտրոնները պետք է նաեվ զբաղվեն քաղաքական գիտության և դիվանագիտական մտածողության ձախողումների խորքային պատճառների ուսումնասիրություններով, քանի որ դրանք զգալիորեն նպաստեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտությանը: Սա թույլ կտա Հայստանին խուսափել նմանատիպ հետևանքներից ապագայում և խթանել կայուն ու կենսունակ պետության զարգացումը։