Ովքե՞ր են թուրքերը։ Հայ-թուրքական հակասությունների ոչ միանշանակ ընկալման պատճառը ո՞րն է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն արդիական դարձավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո՝ անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման հենց սկզբում։ Սկսած այդ ժամանակահատվածից՝ թեզը, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրը թուրքերի հետ հաշտեցումն է, կանխորոշեց նաև Հայաստանի Հանրապետության պետական ​​քաղաքականությունը հետագա ժամանակաշրջանում։ Հայաստանի իրար հաջորդած բոլոր իշխանություններն այս կամ այն ​​կերպ փորձում էին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն հայկական պետականության գլխին կախված պատմական խնդիրների բեռը՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայկական սփյուռքի խնդրի գոյությամբ, հնարավոր չեղավ հաղթահարել։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհին Թուրքիայի առաջ քաշած բոլոր պայմաններն առնչվում էին այս խնդիրներին։ Հարաբերությունների կարգավորման ձախողումները կապված էին հենց այս հանգամանքի հետ։ Մինչ օրս պարբերաբար կասկածի տակ է դրվում Հայկական կողմի որևէ զիջման դիմաց առաջնահերթ կերպով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին թեզը։

Հայկական քաղաքական միտքը ներկայացնող մի ամբողջ հոսանք շարունակում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ձախողումները տեսնել հայության՝ սեփական պատմությունը և սեփական քաղաքական վարքագիծը ոչ ադեկվատ ընկալելու մեջ։ Ըստ այդ համոզման՝ հայ ժողովրդի բոլոր անհաջողությունների պատճառը հայերի անդիմադրելի մի ցանկությունն է եղել՝ Թուրքիայի դեմ գործելիս որպես ռեսուրս արտաքին ուժերից օգտվելը։ Այդ մարդիկ և՛ 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության, և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման շրջանում տեղ գտած տարածքային կորուստների պատճառը հենց դրանում են տեսնում։ Ուստի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բոլոր ճանապարհները դիտարկվում են հայերի և թուրքերի հարաբերություններում «երրորդ ուժերին» ներգրավելու պրակտիկայից հրաժարվելու և Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ հաստատելու մեջ։

Ի տարբերություն նկարագրված քաղաքագիտական հոսանքի՝ հայկական իրականությունում գերիշխում է մի այլ քաղաքական միտք, որը հայերի ազգային անհաջողությունների պատճառները բացատրում է թուրք ազգի քաղաքական հատկություններով և թուրքական ազգային պետության ինքնատիպությամբ։ Համարվում է, որ ժամանակակից Թուրքիան մի պետություն է, որը ձևավորվել է նախկին Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ կատարած հանցագործությունների հիմքի վրա՝ յուրացնելով այդ ժողովուրդների իրավունքները։ Իսկ հենց իրենք՝ թուրքերը, ազգայնամոլ ​​մարդատյաց գաղափարախոսության կրողներն են։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության առաջնահերթ քաղաքական ռազմավարությունն է դառնում Թուրքիայի կողմից իր մեղքն ընդունելու և հայ ժողովրդին փոխհատուցում տալու ռազմավարությունը։

Այնուամենայնիվ, անտագոնիզմի առաջնային հիմքերի վերաբերյալ կոնսենսուս գոյություն չունի: Հայ-թուրքական հարաբերությունների գնահատականներին և դրանց կարգավորման հնարավորություններին վերաբերող այդ երկու մոտեցումները նման պայմաններում ավելի շատ խնդիրներ են ստեղծում ներհայկական միջավայրում, քան նպաստում են հայ-թուրքական անտագոնիզմը վերացնելու ուղիների որոնմանը։ Ուստի, անհրաժեշտ է այդ անտագոնիզմի էությանը վերաբերող առկա պատկերացումները արմատապես ​​վերանայել։ Թվում է, թե նման հնարավորություններ կարող են ստեղծվել, եթե հստակություն մտնի այն հարցում, թե որտեղից են սկիզբ առնում հայերի և թուրքերի հակամարտության ակունքները։ Նախ կարելի է սկսել ժամանակակից թուրքերի բնութագրությունից, ովքեր քաղաքական ասպարեզ են դուրս եկել 20-րդ դարի սկզբին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ: Անդրադառնալով այս թեմային՝ կարելի է բավականաչափ թափանցիկություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի մեջ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այդ բնութագիրը կազմելով՝ ինքնին այն բավարար կլինի մշակելու համար այն արդյունավետ մոտեցումը, որը կպայմանավորի Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ Բայց մոտիկից ծանոթանալով շատ փաստերի ու երևույթների հետ՝  հնարավոր կլինի հաղթահարել հայ քաղաքական մտքում քարացած կեղծ կարծրատիպերը։

Օսմանցի մահմեդականների ինքնորոշումը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում

Ցանկացած կայսրություն մի օր վախճան է ունենում: Եթե ​​կայսրությունը դիտարկենք որպես սոցիալ-քաղաքական բարդ մի համակարգ, ապա հարկ է նշել, որ գոյություն ունեցող քաղաքական միավորի փլուզման պայմաններում նրա ժողովուրդների ինքնապահպանման և քաղաքականապես կայանալու միակ համապարփակ մեթոդը ինքնորոշման միջոցով նոր ինքնիշխան քաղաքական միավորի ձևավորումն է։

Կհամարձակվեմ պնդել, որ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում՝ սկսած 1914 թվականից, այդ «գաղտնիքը» վիճակված էր հասկանալու կայսրության միայն մեկ ժողովրդի՝ օսմանցի մահմեդականներին։ Նրանք կարողացան ոչ միայն դուրս գալ համընդգրկուն ճգնաժամից, այլեւ ստեղծել ազգ ու պետություն։

Հետագա շարադրանքում իմ կողմից նկարագրվելու է նման հաջող ինքնորոշման սխեման: Հուսով եմ, որ ի հայտ բերելով այդ սխեման՝ հնարավոր կլինի կազմել նորաստեղծ թուրք ազգի և թուրքական ազգային պետության բնութագրերը։ Դա կօգնի հստակություն մտցնել ինչպես հայերի շրջանում եղած կարծրատիպերի հարցում՝ վերաբերող այն խնդրին, թե ինչպես են իրենք ընկալում թուրքերին, այնպես էլ՝ հենց թուրքական ընկալումների հարցում։

Ինքնորոշվելու և անկախ պետության կազմավորման ծրագիր մշակելու յուրաքանչյուր գործընթաց պահանջում է մոբիլիզացնող համապատասխան գաղափարի առկայություն։ Այս հանգամանքը լավ էին հասկացել օսմանցի մահմեդականների առաջնորդները Օսմանյան կայսրության անկման և 1914-18 թթ. փլուզման ժամանակաշրջանում։ Կիրառության մեջ էր դրվել թյուրքիզմի և թյուրքերի գաղափարը, որը հնարավորություն տվեց ձևավորել նոր ժողովուրդ և նոր պետական ​​տարածք։ Թուրք ազգի ու թուրքական պետության նախագծողը գեներալ Մուստաֆա Քեմալն էր (հետագայում՝ Աթաթուրք)։

Ա. Օսմանցիների շրջանում թուրքական ազգային գիտակցության ձևավորման գաղափարական հիմքերը

Օսմանյան կայսրության փլուզումից, դրան հաջորդած անկախության համար պատերազմից և հանրապետական ​​Թուրքիայի ձևավորումից հետո նոր հանրության մեջ զգացվում էր միավորիչ գաղափարի բացակայությունը, այնպիսի գաղափարի, որը կձևավորեր ազգային ինքնագիտակցություն։

Նման գաղափարախոսություն առաջարկեց Մուստաֆա Քամալը։ Ահա դրա էությունը.

Անտանտը, հաղթելով Օսմանյան կայսրությանը Առաջին համաշխարհային պատերազմում, ստիպեց սուլթանի կառավարությանը 1920 թվականին ստորագրել Սեւրի խաղաղության պայմանագիրը, որը բաժանեց Թուրքիան դաշնակիցների միջեւ։ Պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար պայքարը, ինչպես նաև ինտերվենտների և այդ պայմանագիրը ստորագրողների դեմ զինված պայքարը քեմալականներին հնարավորություն տվեց սկսել ազգային պետություն կառուցելու գործընթաց։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին բնակչության հիմնական մասի համար «թուրք» տերմինը մեծ նշանակություն չուներ, ավելի շուտ այն գյուղաբնակին տրվող խոսակցական մի անուն էր։ Բայց քեմալականներն աստիճանաբար դուրս էին մղում ոչ մահմեդականներին նոր թուրք ազգի կազմից, ինչը հնարավորություն էր տալիս խոսել թուրքական ազգայնականության որպես որոշակի էթնոկրոնական միավորի մասին։ Այդպես ձևակերպվեց էթնիկ ազգայնականության հիմքը։ Ճիշտ է, իրենք՝ օսմանցիները, երբ հայտարարվեցին «թուրքեր», դեռևս չէին հասել ազգային համախմբման։

Երկրի ողջ բնակչությանը (վերը նշված ոչ մահմեդական փոքրամասնությունների անդամներին՝ ավելի քիչ) առաջարկվել էր իրենց համարելու «թուրքական թյուրքերի» ազգ, որը չնայած ոչ այնքան հստակ, բայց ազգակցական ու սերտ կապ էր ենթադրում վաղ անցյալի ինչ-որ մեծ թյուրքական ընդհանրության հետ: Այս սահմանումը, որը շատ հստակորեն շրջանցում էր կրոնական կաղապարները, նշանակում էր հեռացում իսլամական միասնության նախկին այն մոդելից, որը գերիշխում էր Օսմանյան կայսրությունում:

1924 թվականի նոյեմբերին ընդունվեց նոր սահմանադրությունը՝ ազգայնականությունը հռչակելով հանրապետության հիմնարար սկզբունքներից մեկը։ 88-րդ հոդվածում ասվում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները՝ առանց կրոնական կամ ռասայական խտրականության, համարվում են թուրքեր։ Նույն հոդվածում նաև նշված էր. «Թուրքական ազգությունը կամավոր ընտրելու և օրինական կերպով նրա շարքերն ընդունվելու դեպքում տվյալ քաղաքացիները համարվում են թուրքեր»։

Նույն շրջանում որոշվել էր ակտիվացնել գաղափարական աշխատանքը բնակչության հետ և տարածել թուրքական ազգայնականության գաղափարները՝ որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացու քաղաքական հավատարմության հիմնական չափանիշ։ Այս նպատակին հասնելու համար մոբիլիզացվել էին բոլոր հիմնական պետական ​​ինստիտուտները՝ կրթական համակարգից մինչև բանակ։

Այս նոր ազգի մուտքը պատմական ասպարեզ ստիպեց այդ շրջանի գաղափարախոսներին զբաղվել նրա պատմական արմատների որոնմամբ։ Եվ այդ գործընթացում ամենաուշագրավն այն էր, որ օսմանյան պատմության ողջ շրջանը մոռացության մատնվեց, և դրա տեղը գրավեց թուրքերի կիսալեգենդար նախաիսլամական շրջանի պատմությունը։ Հրապարակվեցին «գիտական» աշխատություններ ինչ-որ «նախաթուրքերի» մասին, ովքեր իբրև թե բնակվելիս են եղել Անատոլիայում մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ և որոնց ժառանգներն են եղել խեթերը, տրոյացիները և հին աշխարհի շատ այլ անատոլիական ժողովուրդներ։

Նաև ստեղծվեց մի կազմակերպություն, որի խնդիրն էր տարածել «թուրքական ազգային պատմությունը»։ Այնուհետև հայտնվեցին «տեսություններ», ըստ որոնց քաղաքակրթությունն ու պետականությունը որպես երևույթներ Հյուսիսային և Հարավային Ասիա, Անատոլիա, Եվրոպա, Աֆրիկա և Ամերիկա են բերվել հին թուրքերի կողմից, որոնք վերածվել են քոչվորների Կենտրոնական Ասիայի խորքերում գտնվող հիպոթետիկ մի ծովի չորացման հետևանքով, որի ափերին ընկած երկրում նրանք ժամանակին ստեղծել են աշխարհի ամենահին բնակեցված քաղաքակրթությունը: (© https://asaf-today.ru/s032150750003346-2-1/?fbclid=IwAR0vDkmXi9TQcYStAyUMF_c_u80HSn6-nDCCBBEzynMXgx7KEsW2MyJ43xI)

Բացի այդ տեղ գտան թուրքեր լեզվի պատմական ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով «ցույց տալ թուրքերենի այն արժանիքները, որոնք նրան դասում էին համաշխարհային լեզուների շարքին»։ Այդ իսկ պատճառով երկրի եվրոպականացման ուղղությամբ քեմալականների ձեռնարկած ամենավճռական քայլերից մեկը դարձավ թուրքերենի բարեփոխումը։ Սկսվեց արաբական այբուբենը լատինականով փոխարինելու արշավ։ Այդ ամենը 1920-ական թվականներին կրոնի նկատմամբ Քեմալի վարած քաղաքականության հետևանքն էր, երբ իսլամը հասարակական-քաղաքական կյանքից սիստեմատիկ կերպով դուրս էր մղվում՝ թողնելով այն միայն անձնական կյանքի տիրույթում։ Հասարակական կյանքի բոլոր ոլորտների ամբողջական աշխարհիկացումը մահմեդականներին զրկեց նրանում մինչ այդ գերիշխող հավաքական ինքնությունից։ «Լեզուների արեգակնային տեսությունը» դարձավ «թուրքական պատմական թեզի» այն հայելային պատկերը, ըստ որի՝ մնացած բոլոր լեզուների հիմքում ընկած է «արևային լեզու» թուրքերենը։

Այդպիսով բոլոր քաղաքացիներին առօրյա հաղորդակցության մեջ բռնությամբ ստիպեցին անցնել թուրքերենին և սկսեցին պատժել այն մարդկանց, ովքեր ոչ թե թուրքերենը, այլ իրենց մայրենի լեզուն էին օգտագործում: Ակտիվորեն օգտագործելով միակուսակցական ավտորիտար քաղաքական իշխանության մեխանիզմը՝ քեմալական վերնախավը 1930-1940-ական թթ. ստեղծեց հասարակության վրա գաղափարական ազդեցություն գործելու արդյունավետ մի համակարգ, որը տոգորված էր թուրքական ազգայնականության (թուրքիզմի) ոգով։ Ստեղծվեց թուրք ժողովրդի ծագման տեսությունը, նրա մշակույթի սկզբնավորումը տրվեց գրեթե խեթերից, իսկ թուրքիզմը ներկայացվեց որպես մի հայեցակարգ, որը փրկեց երկիրը կործանումից։ Նաեւ մի հայեցակարգ, որը թուրքական հասարակությանը տանում է դեպի զարգացում և որն ունակ է այդ հասարակությանը արժանի տեղ ապահովել եվրոպական ժողովուրդների ընտանիքում։

Բ. Օսմանցի մահմեդականների ինքնորոշման քաղաքական և իրավական հիմքերը

Թուրք ազգի ձևավորմանը զուգահեռ ձևավորվեցին նոր տիպի պետություն կառուցելու սկզբունքները։

Աթաթուրքի «վեց նետերը» խորհրդանշում են նրա վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։ Վերջնականապես այդ դոկտրինը ձևավորվել է մոտավորապես 1930-1931 թթ.։ Դրանք են․

Հեղափոխականությունը, որով տեղի էր ունենում երկրի արևմտականացում, պայքար ավանդական հանրության մնացուկների դեմ, ինչպես նաև ապավինում առաջընթացին և լուսավորությանը: Ըստ էության, դրա միջոցով խզվեց կապը ավանդաբար փոխանցված մշակույթից (արաբական այբուբենը փոխարինվեց լատինականով, ներմուծվեց արեւմտյան ոճի քաղաքացիական հագուստ կրելու մշակույթը, արգելվեց ավանդական գլխարկը՝ ֆեսը, կանանց ընտրելու իրավունք շնորհվեց և այլն)։

Հանրապետականությունը, որով տեղի էր ունենում հանրապետական, ​​ժողովրդավարական եւ սահմանադրական կարգի հաստատում՝ ի տարբերություն օսմանյան շրջանի բացարձակ միապետության։ Համաձայն այս ուղղության՝ հռչակվեց իշխանության ընտրական գործընթացով կազմավորելու և ժողովրդին հաշվետու լինելու սկզբունքը (այդ սկզբունքը հնչում էր հետևյալ կերպ՝ «Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է Թուրքիայի ժողովրդին»):

Ազգայնականությունը, որով  կառուցվում էր մի այնպիսի ազգային պետություն, որտեղ քաղաքացիները  դաստիարակվում էին հայրենասիրական ոգով՝ նվիրված տիտղոսակիր ազգի գաղափարին: Այս ուղղության միջոցով տեղի էր ունենում բնակչության էթնիկության և քաղաքացիականության նույնականացում: Աթաթուրքի ազգայնականությունը ենթադրում էր հեռացում ռասայական ազգայնականությունից ու պանթյուրքիզմից։ Դրա փոխարեն ազգայնականությունը դառնում էր Թուրքիայի Հանրապետության սահմաններում գործող քաղաքական ազգի գաղափարախոսություն (ոչ թե թյուրքական էթնիկ ազգի, ինչպես այն գոյություն ուներ պանթյուրքիստների մոտ): Մերժվում էր նաեւ իսլամիստական ​​բաղադրիչը։ Համաձայն Աթաթուրքի մտահղացման՝ ազգը ոչ միայն էթնիկ թուրքերի, այլ երկրի բոլոր քաղաքացիների ընդհանրությունն էր, սակայն գործող թուրքական էթնիկ ինքնագիտակցության հիմքի վրա։ Ոչ թուրքերը նման ոգով պետք է դաստիարակվեին, այսինքն՝ ձուլման ենթարկվեին։ Ազգի չափանիշներ էին դառնում՝ մեկ ընդհանուր քաղաքացիությունը, մեկ ընդհանուր լեզուն, մեկ ընդհանուր տարածքը, մեկ ընդհանուր ծագումը, մեկ ընդհանուր պատմությունն ու մտածելակերպը։

Ժողովրդականությունը, որով պայքար էր ծավալվում դասակարգային անհավասարության և արտոնությունների դեմ, հաստատվում էր թուրքական հանրության միասնությունը և միջդասակարգային համերաշխությունը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը, որի ներկայացուցիչն էր դառնում Թուրքիայի Ազգային մեծ ժողովը:

Լաիցիզմը, որով տեղի էր ունենում պետության աշխարհիկացում (շարիաթի օրենքների վերացում, մեդրեսեների փակում և կրոնական կրթության արգելում, իսլամամետ կուսակցությունների հետապնդում)։

Էտատիզմ, որով պետությունը ղեկավար դեր էր ստանձնում երկրի տնտեսության մեջ, իսկ գործնականում տեղի էր ունենում տնտեսության ազգայնացում՝ պահպանելով միայն մանր ձեռնարկատիրության հատվածը։

Գ. Թուրքիայի Անկախության Հռչակագիրը (1920 թ. Ազգային ուխտը)

Երրորդ ոլորտը, որի միջոցով դրվել են թուրքական պետության հիմքերը, եղել է ապագա պետության տարածքային ուրվագծերի վերաբերյալ հիմնարար ակտեր ընդունելու պրակտիկան։ Առանձնակի կնշենք այն փաստաթուղթը, որը որոշել է նոր Թուրքիայի տարածքային և իրավական ասպեկտները։

Թուրքիայի ազգային ուխտը (կամ Թուրքիայի ազգային պակտը, կամ Թուրքիայի անկախության հռչակագիրը) ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին Ստամբուլում հավաքված Խորհրդարանի կողմից, որտեղ մեծամասնությունը թուրքական ազատագրական շարժման կողմնակից պատգամավորներն էին:

Հոդված 1. Օսմանյան կայսրության այն տարածքների ճակատագիրը, որոնք բնակեցված են մեծամասամբ արաբ բնակչությամբ և 1918 թվականի հոկտեմբերի 30-ի զինադադարի օրվա դրությամբ գտվում են ոչ բարեկամ բանակների տիրապետության տակ, պետք է որոշվի տեղի բնակչության ազատ կամաարտահայտությամբ։

Կայսրության այն մասերը, որոնք գտնվում են զինադադարի գծի երկու կողմերում և բնակեցված են մեծամասամբ մահմեդական-օսմանյան բնակչությամբ (իսկ այդ բնակչության հիմնական տարրերը միավորված են կրոնական և մշակութային կապերով և ձգտում են նույն իդեալներին, ներշնչված են փոխադարձ հարգանքով իրենց էթնիկական իրավունքների և սոցիալական դիրքի նկատմամբ), կազմում են մեկ ամբողջություն, որը չի հանդուրժում ոչ մի պատրվակով, լինի դա փաստացի կամ իրավական որևէ հիմքով, տարանջատում։

Հոդված 2. Ինչ վերաբերում է երեք սանջակների՝ Կարսի, Արդահանի և Բաթումի ճակատագրին, որոնց բնակչությունն ազատագրման օրվանից հանդիսավոր քվեարկությամբ հաստատել է իր կամքը՝ վերադառնալու մայր հայրենիքի ծոցը, սույն ուխտը ստորագրած անդամները թույլ են տալիս, որ անհրաժեշտության դեպքում անցկացվի նաև երկրորդ՝ ազատորեն իրականցվող պլեբիսցիտը։

Հոդված 3. Արեւմտյան Թրակիայի իրավական կարգավիճակը, որի որոշումը կախման մեջ է դրվել թուրքական աշխարհից, պետք է հիմնվի բնակչության ազատ կամաարտահայտության վրա։

Հոդված 4. Կայսրության մայրաքաղաքի, Խալիֆայության և Օսմանյան կառավարության նստավայրի՝ Կոստանդնուպոլսի, անվտանգությունը, հավասարապես նաև Մարմարա ծովի անվտանգությունը, պետք է պաշտպանված լինեն ցանկացած ոտնձգությունից։

Այս սկզբունքի հաստատելվուց և գործնականում կիրառվելուց հետո ստորագրողները պատրաստ են միանալ ցանկացած որոշմանը, որը փոխադարձ համաձայնությամբ կընդունվի մի կողմից Օսմանյան կառավարության և մյուս կողմից շահագրգիռ տերությունների միջև ՝ ապահովելու համար նեղուցների բացումը համաշխարհային առևտրի և միջազգային հաղորդակցությունների համար։

Հոդված 5. Փոքրամասնությունների իրավունքները մեր կողմից կհաստատվեն նույն հիմունքներով, ինչպես դրանք հաստատվել են այլ երկրներում փոքրամասնությունների օգտին Անտանտի տերությունների, նրանց հակառակորդների և նրանց հետ միավորված որոշ տերությունների միջև կնքված հատուկ կոնվենցիաների միջոցով։

Մյուս կողմից, մենք համոզված ենք, որ հարևան երկրներում մահմեդական փոքրամասնությունները կօգտվեն իրենց իրավունքների հետ կապված նույն երաշխիքներից։

Հոդված 6. Մեր ազգային և տնտեսական զարգացումն ապահովելու և երկրին առավել արդիական, պատշաճ գործող վարչակազմով ապահովելու համար ստորագրողները … դիտարկում են հնարավորությունը օգտվելու ոչնչով չսահմանափակված անկախությունից և գործելու լիակատար ազատության պայմաններում՝ որպես պարտադիր պայման ազգային գոյության։

Այդ իսկ պատճառով, մենք դեմ ենք ցանկացած իրավական կամ ֆինանսական սահմանափակումների, որոնք կարող են խոչընդոտել մեր ազգային զարգացմանը:

Մեզ վրա դրվելիք պարտավորությունների կարգավորման պայմանները չպետք է հակասեն այս սկզբունքներին։

————————————————— ———

Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետևանքով տարբեր ժողովուրդներին պատուհասած աղետի պայմաններում իրենց թուրք անվանող օսմանցի-մահմեդականները ցույց տվեցին գործողությունների այնպիսի օրինակներ, որոնք դասական Ինքնորոշման համաշխարհային փորձն ուսումնասիրելիս կարող են համարվել տիպային՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ստեղծել հանգամանքներ և հարաբերություններ, որոնք կարող են ի հեճուկս ամբողջ աշխարհի պատմությունն այլ հունով տանել:

Դ.Մուստաֆա Քամալի շարժման գործողությունների ժամանակագրությունը

Օգտվելով բացառապես դասագրքային տվյալներից՝ մենք համառոտ կնկարագրենք այդ գործողությունները՝ կենտրոնանալով հիմնական այն հարցի վրա, թե ժողովրդի ինքնորոշման ժամանակ որտեղի՞ց է գալիս ուժի ռեսուրսը (ինչպես է ծնվում ուժը)։

1918 թվականի մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը Կենտրոնական տերությունների ներկայացուցիչների հետ կնքեց սեպարատ խաղաղության պայմանագիր, որն ապահովեց ՌՍՖՍՀ-ի դուրս գալն Առաջին համաշխարհային պատերազմից։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին պարտված Օսմանյան կայսրության ներկայացուցիչները ստիպված էին ստորագրել Մուդրոսի զինադադարը, որին հաջորդեց այս պետության կազմաքանդումն ու մասնատումը։

1918 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի ռազմակալումը։ Անտանտի զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց և սուլթանի կողմից լիակատար կապիտուլյացիա ստորագրելուց հետո հաղթանակած տերությունները սուլթանին պարտադրեցին գնալ օսմանյան բանակի համակարգված զինաթափմանը և կազմալուծմանը։

1918-ի դեկտեմբերին սուլթանը լուծարեց պատգամավորների պալատը, այնուհետև իշխանությունները փակեցին քաղաքական և հասարակական կազմակերպությունները, միությունները և ակումբները, ինչպես նաև որոշ գիտակրթական ընկերություններ, արգելեցին ցանկացած հանրահավաք և ժողով, մտցրեցին խիստ գրաքննություն մամուլում: Սեւ ծովի նեղուցները եւ սուլթանի խամաճիկ կառավարությունը հայտնվեցին հաղթողների լիակատար վերահսկողության տակ։ Ստամբուլի ոստիկանությունն ու ժանդարմերիան անցան Օսմանյան մայրաքաղաքում դաշնակիցների կայազորը ղեկավարող բրիտանացի գեներալի հրամանատարության տակ։

1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերը ափ իջան Զմյուռնիայում և սկսեցին իրենց ուժերն աստիճանաբար համալրել գրավյալ օսմանյան տարածքներում։ Զորքի այդ ափ իջեցումներն իրականացվեցին բրիտանական նավատորմի աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ։

Այնուհետև կայսրության տարածք զորքեր մտցրեցին նաև մյուս պետությունները: Երկիրը քաոսի մեջ էր՝ հաշվի առնելով Բալկաններից հարյուր հազարավոր փախստականների հոսքը, ինչպես նաև լուծարված բանակի զինվորներից կազմված զինված ավազակախմբերի գործունեությունը: Դաշնակից տերությունները մշակում էին կայսրության ամբողջական մասնատման ծրագրեր: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ թուրքերը կարող էին ասել՝ «աշխարհը մեր դեմ է»։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, թուրքերին դա չընկճեց։

1919 թվականի մայիսի 19-ին ազդեցիկ գեներալ Մուստաֆա Քեմալը, հրաժարվելով բանակը ցրելու ծրագրերից, որպես 9-րդ բանակի տեսուչ ժամանեց Սամսուն։

1919 թվականի հունիսի 22-ին Ամասիայում Քեմալը հրապարակեց մի շրջաբերական (Amasya Genelgesi), որտեղ ասվում էր, որ երկրի անկախությունը վտանգված է, ինչպես նաև հրավիրում էր պատգամավորներին Սվասում (Սեբաստիայում) տեղի ունենալիք Կոնգրեսին։

1919 թվականի հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալի խաղաղության պայմանագիրը, որը խաղաղության պայմանագրերի շարքում ամենակարևորն էր, որով և ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ստորագրված փաստաթղթով վերջ դրվեց Գերմանիայի և հակագերմանական կոալիցիայի միջև եղած պատերազմական վիճակին։

1919 թվականի հուլիսի 8-ին Քեմալը հեռացավ օսմանյան բանակից։

1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 7-ը Էրզրումում կայացավ կայսրության արևելյան վեց վիլայեթների համագումարը։

1919 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 11-ը տեղի ունեցավ Սիվասի համագումարը։ Մուստաֆա Քեմալը, ով ապահովում էր այս համագումարի նախապատրաստական ու ընթացիկ աշխատանքները, այդպիսով որոշեց «հայրենիքի փրկության» ուղիները։ Սուլթանի կառավարությունը փորձում էր հակազդել դրան։

1919 թվականի սեպտեմբերի 3-ին արձակվեց հրաման Մուստաֆա Քեմալի ձերբակալության մասին։ Սակայն նա արդեն ուներ բավականաչափ համախոհներ՝ այս հրամանի կատարմանը խոչընդոտելու համար։

1919 թվականի դեկտեմբերի 27-ին Մուստաֆա Քեմալին Անգորայի (Անկարայի) բնակիչները ցնծությամբ դիմավորեցին։

1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում տեղի ունեցավ նորընտիր պատգամավորների պալատի բացման նիստը, որում Քեմալի կողմնակիցները ստացել էին մանդատների մեծամասնությունը։

1920 թվականի հունվարի 28-ին այն ընդունեց Թուրքիայի ազգային ուխտը կամ Թուրքիայի ազգային պակտը կամ Թուրքիայի Անկախության հռչակագիրը։ Փաստաթղթով որոշվում էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքական պետության կառուցվածքում տարածքների հետ կապված հարցերը։

1920 թվականի փետրվարի 23-ին բրիտանական նավատորմը հայտնվեց մայրաքաղաքի մատույցներում։

1920 թվականի մարտի 2-ին կառավարությունը հրաժարական տվեց։

1920 թվականի մարտի 10-ին բրիտանական ռազմական իշխանությունները սկսեցին ձերբակալություններ իրականացնել ամենաակտիվ ազգայնական պատգամավորների շրջանում։

1920 թվականի մարտի 15-ի լույս 16-ի գիշերը բրիտանական ծովային հետևակի ստորաբաժանումները գրավեցին բոլոր կառավարական շենքերը։

1920 թվականի մարտի 16-ին, Օսմանյան խորհրդարանի լուծարումից հետո, Քեմալը Անգորայում գումարեց իր խորհրդարանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որի առաջին նիստը տեղի ունեցավ 1920 թվականի ապրիլի 23-ին։ Ինքը՝ Քեմալը, ընտրվեց խորհրդարանի նախագահ և Ազգային մեծ ժողովի կառավարության ղեկավար, որն այդ ժամանակ չէր ճանաչվում տերություններից ոչ մեկի կողմից։

1920 թվականի ապրիլի 29-ին Ազգային մեծ ժողովն ընդունեց օրենք, որով մահապատժի էր դատապարտվում յուրաքանչյուրը, ով կասկածի կենթարկեր նոր խորհրդարանի լեգիտիմությունը:

1920 թվականի մայիսի 1-ին, ի պատասխան դրա, սուլթանի կառավարությունը Ստամբուլում հրաման արձակեց, որով Մուստաֆա Քեմալին և նրա կողմնակիցներին մահվան էր դատապարտում։

Քեմալականների հիմնական խնդիրներն էին պայքարը հայերի դեմ երկրի հյուսիս-արևելքում, հույների դեմ՝ արևմուտքում, ինչպես նաև՝ պայքարը Անտանտի կողմից Օսմանյան կայսրության տարածքների օկուպացիայի և կապիտուլյացիոն փաստացի ռեժիմի դեմ։

1920 թվականի հունիսի 7-ին Անգորայի կառավարությունը անվավեր ճանաչեց Օսմանյան կայսրության կնքած բոլոր նախկին պայմանագրերը։ Բացի այդ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը մերժեց և, ի վերջո, ռազմական գործողությունների միջոցով խափանեց 1920 թվականի օգոստոսի 10-ին Սուլթանի կառավարության և Անտանտի երկրների միջև ստորագրված Սևրի պայմանագրի վավերացումը։ Օգտվելով այն իրավիճակից, որ պայմանագրով նախատեսված միջազգային դատական ​​մեխանիզմը դեռ չէր ստեղծվել՝ քեմալականները սկսեցին բրիտանացի զինվորականներից պատանդներ վերցնել ու փոխանակել նրանց երիտթուրքական կառավարության անդամների և այլ անձանց հետ, ովքեր մեղադրվում էին կանխամտածված կերպով հայերին ոչնչացնելու մեջ և պահվում էին Մալթայում։

Այս ընթացքում կիրառված դիվանագիտական ​​մեթոդները հիմնականում ուղղված էին արեւմտյան տերությունների միջև եղած հակասությունները շահարկելուն, և առաջին հերթին Անգլիայի համար դժվարություններ ստեղծելուն։ Աթաթուրքն օգտագործեց Ֆրանսիայի դժգոհությունը Սեւրի պայմանագրից և ֆրանսիացի կապիտալիստների շահագրգռվածությունը Թուրքիայի ամբողջականության պահպանման հարցում։ Արդյունքում լուծվեց գլխավոր խնդիրը՝ տերությունները հրաժարվեցին Անատոլիայի մասնատման ծրագրերից։

1920 թվականի ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը ռազմական և ֆինանսական օգնություն խնդրեց Ռուսաստանից և առաջարկեց դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել և ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել Կովկասում։

1920 թվականի ապրիլի 27-ին բոլշևիկները մտան Բաքու։

1920 թվականի կեսերին Կարմիր բանակը գրավեց Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի սահմանային շրջանները՝ Նախիջևանը, Ղարաբաղը, Զանգեզուրը։

1920 թվականի սեպտեմբերի 24-ին հայկական զորքերն անցան հարձակման, որը մի քանի օր անց կասեցվեց։ Սկսվեց թուրքական բանակի հակահարձակումը․ սեպտեմբերի 29-ին թուրքերն արդեն Սարիղամիշում էին, հոկտեմբերի 30-ին՝ Կարսում։

1929 թվականի նոյեմբերի 29-ին Խորհրդային իշխանության ջատագով հայերից կազմված Հեղկոմը Կարմիր բանակի զորքերի հետ միասին մուտք գործեց երկիր և Հայաստանը հռչակեց խորհրդային սոցիալիստական ​​հանրապետություն։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի հետ կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

1920 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին։

Բոլշևիկները չճանաչեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը և արդեն 1921 թվականի մարտի 16-ին ռուս-թուրքական պայմանագրով որոշեցին Թուրքիայի և Անդրկովկասի միջև սահմանը։

1920 թվականի դեկտեմբերի 24-ին Աթաթուրքը Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ ստորագրեց «Բարեկամության նախնական պայմանագիրը», որով Անտանտի ներխուժման դեմ պայքարելու պայմանի դիմաց ձեռք բերեց Ռուսաստանից զենք և փող ստանալու երաշխիքներ։ Բացի այդ, Ռուսաստանը պարտավորվեց ճանաչել միայն այն պայմանագրերը, որոնք հաստատված կլինեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։

Կողմերը պայմանավորվեցին նաև, որ Խորհրդային Ռուսաստանը և թուրքերը կփոխանակեն այն ամենը, ինչը կարող են միմյանց տալ. Մոսկվան Անկարային փող ու զենք կտրամադրի, իսկ վերջինս կազդի ռուսաստանյան մահմեդականների վրա՝ բոլշևիկների հետ հաշտվելու և Հայաստանի դեմ հանդես գալու համար, որտեղ կոմունիստական ​​իշխանությունը դեռ չէր հաստատվել։

 1922 թվականի հոկտեմբերի 11-ին օսմանյան նավահանգստային Մուդանյա քաղաքում զինադադար կնքվեց քեմալականների և Անտանտի միջև։ Եվ այդպես… թշնամիներն առանձին-առանձին վերածվում էին «զինակիցների» ու դաշնակիցների, իսկ նոր կառավարության ողջ էներգիան ուղղվում էր նախապես ծրագրված երկիրը «ոչ թուրքերից»՝ հայերից, հույներից և այլ ժողովուրդներից շարունակաբար մաքրելու գործին: Աթաթուրքը նույնիսկ կարողացավ հասնել իր երկրի և Հունաստանի միջև բնակչության փոխանակմանը։

1922 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը օրենք ընդունեց սուլթանության և խալիֆայության առանձնացման մասին, որով նաև վերացվում էր սուլթանությունը։

1922 թվականի նոյեմբերի 17-ին Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մեհմեդ VI-ը լքեց երկիրը։

1923 թվականի հուլիսի 24-ին տեղի ունեցավ վերջնական՝ Լոզանի պայմանագրի ստորագրումը։ Պայմանագիրը հաստատեց Թուրքիայի նոր սահմանները՝ իրավաբանորեն ամրագրելով Օսմանյան կայսրության լուծարումը։

1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը, որով և ավարտվեց Օսմանյան կայսրության պատմությունը։

Այսպիսով, անմիջական օկուպացիայից զերծ տարածքում ստեղծվել է անկախ իշխանության նոր կենտրոն, որը հաստատել է իր օրենքը և օրենքից դուրս հայտարարել սուլթանի կապիտուլյացիոն ռեժիմը։ Այնուհետև այդ ռեժիմի և օկուպացիոն ուժերի դեմ հայտարարվել է պատերազմ։ Աթաթուրքն անձամբ վերջնագիր է ներկայացրել բրիտանական ներկայացուցիչներին՝ առաջարկելով լքել կայսրության տարածքը։

Աթաթուրքն անմիջապես ձեռնամուխ է եղել արտաքին ուժերի հետ հարաբերություններ հաստատելու գործին։ Արտաքին քաղաքականության հայեցակարգը բխել է նախկին կայսրության ավերակների վրա անկախ ազգային պետություն ստեղծելու և քաղաքակիրթ աշխարհից մարդկային վերաբերմունք պահանջելու նրա ցանկությունից։

Անատոլիայում գտնվելու առաջին իսկ օրվանից նա առաջ է քաշել պահանջ՝ ազատել Թուրքիան իմպերիալիստական ​​վերահսկողությունից։

Սիվասի կոնգրեսում Աթաթուրքը դեմ է արտահայտվել Թուրքիայի և նախկին Օսմանյան կայսրության մնացած տարածքների նկատմամբ ամերիկյան մանդատին:

Բայց քաղաքականության մեջ միայն պահանջները քիչ բան են նշանակում: Աթաթուրքը հստակ հասկանում էր «շահերի հավասարակշռություն» հասկացության էությունը և այդ շահերն իր օգտին փոխելու տեխնոլոգիան։ Եվ դա աշխատեց շատ արագ ու արդյունավետ: Տերությունները սկսեցին գնալ սեպարատ հանդիպումների ու գործարքների՝ զենքի ու փողի դիմաց իրենց համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։ Առաջինը «ծակվել» է Իտալիան և այդ հունով գնացել են մյուսները։

Աթաթուրքի ու բոլշևիկների նախագիծն անթերի է աշխատել։ Արդյունքում ստեղծվել է մի պետություն, որը Ռուսաստանի հետ կառուցել է բարդ փոխհարաբերություններ։ Պատահական չէ, որ 1928 թվականին Թուրքիայում հայտնվել է Հանրապետության հուշարձանը՝ նրա հիմնադիրների (ստեղծողների) արձաններով։

«Հանրապետություն» հուշարձանի վրա Աթաթուրքի հետ պատկերված է խորհրդային դեսպան Սեմյոն Արալովը։ Մյուս գործիչների նույնականացումը վեճերի տեղիք է տալիս։ Նրանցից երկուսի կերպարներում առավել հաճախ տեսնում են Ֆրունզեին և ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովին:

  Մանվել Սարգսյան, քաղաքագետ 

13 մայիսի, 2022թ