Ի՞նչ խնդիրների է բախվում ժողովուրդը, երբ որոշում է սեփական պետությունը հիմնել։
Մաս առաջին
Ա. Այն, ինչը մենք ԺՈՂՈՎՈՒՐԴ ենք անվանում, դա ինքնին էթնիկ հանրություն է: Այդ դեպքում հարց է ծագում՝ ժողովուրդը համակա՞րգ է, թե՞ այն կարելի է դասել բազմություն (ընդհանրություն) կատեգորիայի տակ։ Բայց դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է էթնիկ հանրությունը։
Հաճախ շատ անհատներ, ովքեր իրենց պատկանելիությունը բխեցնում են նույն էթնիկ հանրությունից, շատ տարբեր են լինում: Դրա պատճառը էթնոսի նկատմամբ անհատների հենց վերաբերմունքով է պայմանավորված, ընդ որում, երբեմն չափազանց հակասական վերաբերմունքով, հատկապես գլոբալիզացիայի մեր դարաշրջանում: Բայց ո՞րն է այն որոշիչ սանդղակը, որը մարդկանց ստիպում է իրենց համարել այս կամ այն էթնիկ հանրության մասը: Մարդկանց գիտակցության կամ ենթագիտակցության մեջ պետք է համակարգաստեղծ ինչ-որ բան լինի, որպեսզի նրանք իրենց համարեն էթնիկ մի որևէ հանրության անդամներ։ Եւ ինչո՞ւ է արդիական մարդկանց հենց էթնիկ ինքնորոշման խնդիրը։ Փորձենք դա հասկանալ՝ նախապես ներկայացնելով մի տեղեկատվություն, թե ինչ է բազմությունը և ինչ է համակարգը։
Բ. Ի՞նչ է համակարգը:
Համակարգը մասերից կազմված մի ամբողջություն, միացություն է։ Ի տարբերություն «բազմություն», «ընդհանրություն» հասկացությունների, համակարգն ընդգծում է մասերի կարգաբերվածությունը, ամբողջականությունը, կառուցման, գործառնության և զարգացման հետ կապված օրինաչափությունների առկայությունը: Համակարգը փոխկապակցված տարրերի համախումբն է, որը մեկուսացված է շրջակա միջավայրից, բայց փոխազդում է վերջինիս հետ որպես ամբողջություն: Համակարգի ժամանակակից հայեցակարգը ենթադրում է համակարգի գործառույթի կամ նպատակի առկայություն:
Կարելի է ընդհանրացնել, որ համակարգը ֆունկցիոնալ տարրերի և նրանց միջև եղած հարաբերությունների վերջնական այն բազմությունն է, որն առանձնացված է շրջակա միջավայրից՝ համաձայն որոշակի նպատակի:
Համակարգը բնութագրող հասկացություններն են՝ տարրը-բաղադրիչը-կապը (հարաբերությունը)-կառույցը-նպատակը:
Համակարգն ունի կյանքի շրջապտույտ՝ համակարգի զարգացման գործընթացի փուլերը՝ սկսած նման համակարգի անհրաժեշտության առաջացման պահից և ավարտված դրա անհետացումով։
Ամենակարևոր հանգամանքը հետևյալն է` կապը (հարաբերությունը) տարրերի ազատության աստիճանի սահմանափակումն է: Տարրերը, փոխազդեցության (կապի) մեջ մտնելով միմյանց հետ, կորցնում են որոշ հատկություններ կամ ազատության աստիճաններ, որոնց ներուժն իրենք ունեին, իսկ համակարգը ինքնին որպես ամբողջություն ձեռք է բերում նոր հատկություններ:
Գ. Որպես համակարգ ինչպե՞ս է կառուցված էթնիկ հանրությունը:
Մարդկությունը բաղկացած է տարբեր ժողովուրդներից, որոնք իրենցից ներկայացնում են էթնիկ հանրություններ։ Դրանք մշակութային կազմավորումներ են։ Դա նշանակում է, որ էթնիկ հանրությունները վերկենսաբանական կազմավորումներ են, և դրանց ձևավորման ու գործունեության մեջ գենետիկական սկզբունքները որոշիչ նշանակություն չունեն։
Ի՞նչ է մշակույթը: Մշակույթը մարդու և հանրության շրջակա միջավայրին հարմարվելու (այդ թվում՝ հոգեբանական) միջոց է։ Մարդկության առանձին էթնիկ հանրությունների բաժանվելու օբյեկտիվ հիմքը նրանց ունեցած տարբեր մշակույթների առկայությունն է։ Այսինքն՝ առանցքային հանգամանքն այն է, որ տարբեր մշակույթներում միևնույն բաների նկատմամբ մարդու վերաբերմունքը կարող է տարբեր լինել։ Կարող է տարօրինակ թվալ, բայց նույնիսկ նույն իրերի և երևույթների ընկալումը կախված է այն մշակույթից, որի կրողն է մարդը։ Անգամ մշակույթից են արտածվում ընկալվող աշխարհի հանդեպ մարդկանց տարբեր ռեակցիաները:
Եվ պատահական չէ, որ հենց էթնիկ հանրություններին պետք է ճանաչել որպես քաղաքական հարաբերությունների նախնական միավորներ։ Նրանք կայուն են մնում տևական ժամանակ և հաճախ տարբեր քաղաքական կազմավորումներից ավելի երկար են ապրում: Հենց այդ կայունության երևույթն է նրանց հնարավորություն տալիս ունենալ կոնկրետ քաղաքական իրավիճակներն ու գործընթացները հաղթահարելու հատկություն։ Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ էթնիկ հանրությունը որպես համակարգ ինչպե՞ս է կառուցված և որտեղի՞ց նրան նման տևական կայունություն։
Այս կարևորագույն հարցի պատասխանը գտնելու համար ներկայացնենք հետևյալ դատողությունները։
Սովորաբար, հետազոտողները պնդում են, որ ԷԹՆՈՍ-ը պատմականորեն որոշակի տարածքում ստեղծված մարդկանց սոցիալական միավորում է, որը նմանատիպ այլ միավորումներից տարբերվում է լեզվով, մշակույթի ու հոգեբանության ընդհանուր և կայուն հատկանիշներով, և որն ունի էթնիկ ինքնագիտակցություն ու խմբային ինքնություն: Էթնոսներն իրականություն են դառնում, երբ առկա է ներխմբային միասնության զգացում` հակադրվող շրջապատող այլ միավորումներին, այսինքն` երբ ձևավորվում է էթնիկ այն ինքնագիտակցությունը, որն ամրագրում է այդ տարբերությունն իր անվան (էթնոնիմի) մեջ, ինչպես նաև՝ նույնականացնող մյուս խորհրդանիշերում:
Բայց նման սահմանումը դեռեւս ամբողջական չէ։ Այստեղ միայն թվարկված են էթնիկ ընդհանրության պատմականորեն ձեւավորված հատկությունները: Չկան առանցքային այն հասկացությունները, որոնք բացատրում են թե ինչպես է տեղի ունենում անձի (անհատի) էթնիկ ինքնորոշումը ժամանակից և տարածությունից դուրս: Այսինքն՝ թվարկված հատկությունները բավարար չեն անհատի կողմից հանրային դիրքի իր ընտրության պատճառները բացատրելու համար։ Անհրաժեշտ է լրացուցիչ հասկացություններ ներմուծել ճանաչողական գործընթաց: Այդ նպատակով, հարկ է ձևակերպել այն հասկացությունները, որոնք բնութագրում են էթնիկ համակարգերի կառուցվածքային և գործառական առանձնահատկությունները և որոնք դեպի իրենց են տրամադրում (կամ ստիպում են դեպի իրենց շարժվել) առանձին անհատներին:
Մարդիկ աշխարհում իրենց գործունեության բնույթին և գործելաոճին նայում են սեփական իռացիոնալ սուբյեկտիվ պատկերացումների դիտանկյունից: Աշխարհում, որտեղ մարդը ստիպված է ապրել, նրա գործողությունները դառնում են գործիք աշխարհը ռացիոնալության բերելու համար: Սակայն մարդիկ չեն գիտակցում իրենց այդ գործելաոճի մասին։ Իրենց գործողությունների միջոցով մարդիկ աշխարհը ռացիոնալացնում են այնպես, որ նրանում սկզբունքորեն հնարավոր է դառնում մարդկային կենսագործունեությունը։ Չէ որ, որպեսզի ցանկացած գործողություն հոգեբանորեն իրագործելի դառնա, մարդը նախ պետք է իր մտքում արտաքին վտանգը տեղայնացնի, անուն տա վերջինիս, սահմանի այն։ Բացի այդ, մարդը պետք է նաև իրեն հաստատի որպես գործողության սուբյեկտ, և դա անելու համար իրեն վերագրի որոշակի որակներ, որոնք նրան պիտանի կդարձնեն այդ գործողությունները կատարելու համար։ Մասնավորապես, իրեն ներառի մարդկային որոշակի ընդհանրության մեջ։ Սակայն այնպիսի ընդհանրության մեջ, որում ընդգրկված անձինք ունակ են համատեղ գործել: Էթնիկ յուրաքանչյուր մշակույթում ընդհանրության (մեկ ամբողջի) այդ տեսլականը առանձնահատուկ է ու յուրովի:
Այսպիսով, մշակույթի առանցքային գոտիները ոչ թե հավատալիքներն ու արժեքներն են, այլ մարդկանց հարմարվողության կամ գործողության մղող մոդելները (դրվածքները):
Ի՞նչ է դա։
Դրանք այն անգիտակցական պատկերացումներն են (պարադիգմները), որոնց մասին մենք խոսեցինք վերևում։ Այն է՝
— սեփական կերպարը որպես բարու մարմնացում,
— գործունեության դաշտը (տարածքը),
— թշնամու կերպարը որպես չարի մարմնացում (վտանգի աղբյուր),
— գործունեության եղանակը,
— գործունեության պայմանները (երբեմն նաև անվանում են՝ գործունեության երաշխիքներ):
Նշենք, որ այս բոլոր պատկերացումները վերաբերում են բացառապես մարդկային գործունեությանը։ Միաժամանակ հարկ է ընգծել, որ մարդու և հանրության արժեքային նախասիրությունները որևէ կերպ չեն առնչվում անգիտակցական այս պատկերացումների հետ: Հավատալիքները, կյանքի իմաստը, մարդու արժեքային չափանիշերը և այլն, կազմում են մարդկային կենսափիլիսոփայության մի այլ կողմը: Անգիտակցական պատկերացումների հետ միասին արժեքային նշված դրվածքները հանրության մոտ ձևավորում են աշխարհի մասին որոշակի մի պատկեր, որը հաճախ անվանում են ԱՇԽԱՐՀԻ ԷԹՆԻԿ ՊԱՏԿԵՐ:
Աշխարհի պատկերը աշխարհի մասին այս կամ այն ժողովրդի ունեցած տեսլականն է, այդ թվում՝ հանրության անդամների որոշակի պատկերացումներն իրենց, իրենց գործունեության և աշխարհում իրենց ակտիվության մասին:
Այս դատողությունները բավական են, որպեսզի մենք պատկերացում կազմենք աշխարհում քաղաքական հարաբերությունների առաջնային միավորի՝ էթնիկ հանրության մասին։ Հենց այս պատկերացումներն են ընկած ժողովուրդների քաղաքական ինքնորոշման հիմքում (էթնիկ հանրությունների ԱԶԳԵՐԻ վերածվելու հիմքում)։
Պետք է մատնանշել ևս մի կարևոր հանգամանք՝ աշխարհի պատկերը կանխորոշում է աշխարհը ընկալելու և սեփական գործունեությունը կարգավորելու հանրության անդամների հատկությունն ու կարողությունը։ Իբրև անհատի ձևափոխություն (կամ անձի անգիտակից վիճակ) մարդու մոտ ձևավորվում է առաջնային ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴՐՎԱԾՔ, որը որոշում և կարգավորում է նրա գործունեությունը։ Այն դառնում է գործունեության խթան, պահանջմունք: Նման դրվածքը մարդուն հաղորդում է աշխարհը տեսնելու և դրա համատեքստում սեփական գործողությունների արդյունավետությունը գնահատելու ունակություն։ Տարբեր էթնիկ խմբեր ունեն տարբեր սոցիալական դրվածքներ. միևնույն իրականությունը տարբեր հանրություններ տարբեր կերպ են տեսնում:
Նշված դատողությունները թույլ են տալիս բնութագրել այն վիճակները, որում կարող են հայտնվել էթնոսները տարբեր ժամանակահատվածներում: Մասնավորապես, կարելի է բնութագրել էթնիկ հանրության ինքնության ճգնաժամի կամ լիարժեք քայքայումի վիճակները։ Վիճակներ, որում առկա է կազմալուծված՝ բազում անհատների վերածված մակարդակ: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել ներէթնիկական կապերի փլուզում էթնիկ նույնական ինքնագիտակցություն ունեցող անհատների առկայության պայմաններում։
Նշված վիճակները բնութագրվում են նրանով, որ անհատները, ովքեր իրենց տեսնում են որոշակի էթնիկ հանրության ներկայացուցչի կարգավիճակում, չեն ճանաչում նույն այդ կարգավիճակը՝ իրենց պես նույն դիրքերից հանդես եկող այլ անհատների դեպքում: Օրինակ, հայը միայն իրեն է համարում «իսկական հայ»՝ ցուցաբերելով նիհիլիզմ հանրության մյուս անդամների նկատմամբ։ Ավելին, նկարագրված հանրությունում անհատների միջև կապի միակ ձևը դառնում է միմյանց նկատմամբ ատելության (թշնամանքի) ակտիվ դրսեւորումը։
Ինքնության ճգնաժամ ասվածը հենց այս վիճակն է։ Այն խթանում է էթնիկ հանրության դեգրադացումը և նույնիսկ՝ կազմալուծումը: Նման վիճակների էության ըմբռնումը չափազանց կարևոր է այն էթնիկ հանրությունների համար, որոնք բռնել են սեփական պետության կազմավորման ուղին։ Հենց նրանք են կանգնում անորոշ բազմությունից սոցիալ-քաղաքական համակարգ ձևավորելու անհրաժեշտության առաջ։ Նման իրավիճակներում ի հայտ եկող խնդիրների մասին մենք կխոսենք ստորև (Գլուխ երրորդ):
Բաց է մնում միայն մի հարց. ո՞րն է պատկանելիության այն առաջնային զգացումը, որը մարդուն ստիպում է իրեն բնորոշել որպես այս կամ այն հանրության անդամ:
Մաս երկրորդ
Ինչպե՞ս է անհատն իրեն նույնացնում էթնիկ այս կամ այն հանրության հետ, և ժամանակի ընթացքում ինչպե՞ս է վերարտադրվում էթնիկ հանրությունը։
Էթնիկ հանրությունները երկար կյանք ունեն։ Ըստ այդմ, նրանցից յուրաքանչյուրի գոյության և գործառնության կարևորագույն խնդիրն իր հատկությունների վերարտադրությունն է սերնդափոխությունների ժամանակ։ Էթնոսները կարող են վերապրել զարգացման և անկման տարբեր շրջափուլեր, բայց հաճախ նրա անդամների մեծամասնությունն իրեն բնորոշում է որպես պատմականորեն ձևավորված որոշակի հանրության մաս ու հպարտանում դրանով:
Ինչպես նշվեց վերևում, միևնույն էթնիկ հանրության անդամներին հաճախ դժվար է դիտարկել որպես նույն համակարգի տարրեր: Դրա պատճառը էթնիկ խմբի նկատմամբ նրա այդ տարրերի՝ անհատների, վերաբերմունքն է։ Նույնիսկ հենց իրենք՝ անհատները, կարող են ժխտել իրենց առնչությունը էթնիկ տվյալ հանրության հետ: Բայց կա մի կարևոր հանգամանք, որն ընդհանրապես ստիպում է նաև այդ անհատներին ճանաչել էթնիկ այս կամ այն հանրության մաս։ Դա այլ (արտաքին) ուժերի վերաբերմունքն է տվյալ անձանց նկատմամբ՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու. արտաքին ուժերը հակված են անհատներին էթնիկ որևէ պատկանելիություն վերագրել սեփական հայեցողությամբ: Հետևաբար, տվյալ հարցում անհատների անձնական վերաբերմունքը չի ազատում այդ մարդկանց՝ լինել որևէ էթնիկ հանրության մասը: Այսինքն՝ անհատի ազատությունը սահմանափակված է արտաքին հարաբերություններով, և հաճախ միայն ինքը չէ, որ որոշում է, թե որ հանրությանն է նա պատկանում։ Էթնոսի հետ տեղի ունեցող երևույթներն ու գործընթացները վերաբերում են նրա բոլոր անդամներին՝ առանց հաշվի առնելու նրանց անձնական կարծիքը։ Էթնոսի հետ կապված կործանարար շատ երևույթներ ու գործընթացներ այս առանձնահատկությունով են հենց բացատրվում։ Այսպես, էթնիկ հանրության շատ անդամներ, չնայած սեփական պատկանելիությունը սկզբունքորեն մերժելու հանգամանքի, հաճախ տուժում են այդ հանրության մյուս անդամների գործողություններից:
Տևական ժամանակի մեջ էթնիկ համակարգի վերարտադրության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է առանձնացնել էթնիկ հանրության գեներացման ու վերարտադրության առանցքային հանգամանքը՝ ասոցիացիայի առաջնային զգացումը։ Իսկապես, ինչո՞ւ են տարբեր անհատներ իրենց վերագրում պատկանելիություն միևնույն մարդկային ընդհանրությանը: Դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անհատները զգում են այլոց հետ իրենց ունեցած հատկությունների և շահերի նմանությունը, ինչպես նաև այդ շահերի հավաքական պաշտպանության անհրաժեշտությունը: Բայց նման զգացողության առաջացումը տարբեր պատճառներ ունի:
Փորձենք դա պարզել առավել հիմնավոր կերպով։
Անհատները միավորվում ու կազմում են հանրություններ որոշակի նպատակով: Նման նպատակը, անկախ դրա գիտակցվածության աստիճանից, միշտ գտնվում է միավորվողների համատեղ կյանքի կազմակերպման և պաշտպանության հետ կապված խնդիրների տիրույթում։ Իրականում անհատները կարող են միավորվել՝ իրենց անվտանգության համար հավաքական ջանքեր գործադրելու և արժանապատիվ գոյության համար պայմաններ ապահովելու մտադրությամբ։ Հանրությունը ստիպված է որոշակի ճիգերի գնով ներազգային կարգուկանոն ապահովել, որը թույլ կտա համատեղ ջանքերով ստեղծել պաշտպանության պայմաններ և ստեղծագործական կյանքի հնարավորություններ։ Դա արվում է ավանդույթների միջոցով՝ հանրության անդամների համատեղ կյանքում փոխհարաբերությունների որոշակի նորմեր արմատավորելու ճանապարհով։ Այդ նորմերը պարտադիր են բոլորի համար և չեն պահանջում հանրության անդամների համաձայնությունը: Կազմակերպված նման կենսակերպի պահպանումը հնարավոր է միայն հանրության փակ լինելու դեպքում։ Այդ իսկ պատճառով, թե՛ հանրությունը և թե՛ նրա նորմերը ստանում են միստիկական բնույթ։ Էթնիկական համակարգում չկա «անհատի իրավունք» հասկացությունը, կան «անհատի պատիվ» և հանրության հանդեպ «անհատի պարտականություններ» հասկացությունները: Նրանում գոյություն ունի միայն «էթնոսի իրավունք» հասկացությունը։ Ընդ որում, այս հասկացությունների վրա հիմնված կարգը իր էությամբ տոտալիտար է։
Միավորվելով և սերնդեսերունդ վերարտադրվելով՝ մարդիկ պետք է առանձնահատուկ արժեք տեսնեն իրենց միավորման մեջ։ Այդ արժեքն արտահայտվում է առաջնային միավորող գաղափարը սրբացնելու ձևով։ Ուստի, նպատակին միտված համատեղ գործունեությունից բացի, ցանկացած հանրություն մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում նաև իր միավորող գաղափարը պաշտպանելու համար։ Գործունեության այս երկու տեսակները ձևավորում են հանրության բոլոր անդամների վարքագիծը և ակտիվության բնույթը: Սակայն, նման վարքագիծը հաճախ ի հայտ է բերում չափազանց մեծ հակասականություն, որի մասին մենք կխոսենք ստորև:
Հասկացությունների ողջ համախումբը, որի վրա հիմնված է էթնիկ հանրությունը, պահվում է բացառապես նրա հիշողության մեջ: Այս առումով կարելի է պնդել, որ էթնոգեներացնող և էթնոսը վերարտադրող հիմնական գործոնը ընդհանուր հիշողությունն է՝ սոցիալական հիշողությունը։ Այսինքն, ենթադրվում է, որ շատ անհատներ այլոց հետ ունեցած նույնական սոցիալական հիշողության հիման վրա են իրենց ճանաչում որպես որոշակի հանրության անբաժանելի մաս: Երբեմն դա անվանում են մարդկանց միավորող ուղղահայաց կապ։ Հենց իր և իր աշխարհի մասին միասնական պատկերացումների ամբողջությունն է, որ ամրագրվում է անհատների հիշողության և նրանց զգացմունքների մեջ՝ մարդկանց մոտ ստեղծելով ասոցիացիայի զգացում: Դա էլ հենց դառնում է էթնովերարտադրող գործոն։
Ասոցիացիայի զգացումը դրսևորվում է նույնիսկ ինքնության ճգնաժամի պայմաններում: Իրոք, փորձը ցույց է տալիս, որ շատ անհատներ, ապրելով կոնկրետ մի ժամանակահատվածում, բայց խոսելով տարբեր լեզուներով, ինչպես նաև՝ դավանելով տարբեր հավատքներ ու արժեքներ, հաճախ միանշանակորեն իրենց պատկանելությունը տալիս են նույն էթնիկ խմբից:
Հարց է ծագում՝ գնահատականների ի՞նչ սանդղակով է նման ընտրությունը կատարվում։ Ի՞նչը կարող է ստիպել աշխարհի տարբեր ծայրերում եղած մարդկանց իրենց համարել միևնույն էթնիկ խմբի մասնիկը։
Պատասխանը, ըստ երևույթին, պետք է փնտրել այն արժեքների դաշտում, որոնք մարդու մոտ առաջ են բերում այդ արժեքների նկատմամբ անդիմադրելի հակվածության զգացում։ Ցանկացած մարդու հիշողության մեջ մշտապես գոյություն ունեն սուբյեկտիվ սրբությունների կարծրատիպեր, որոնք օժանդակում են հոգու մեջ այդ սրբությունների առջեւ խոնարհվելու զգացումի տարածմանը և դեպի այդ սրբությունների աշխարհը անդիմադրելի հակվածություն ունենալուն: Եթե այդ սրբությունները կապված են ոչ թե անհատի, այլ մարդկային մի որևէ ընդհանրության պատմության հետ, ապա դրանց կարելի է բնորոշել որպես էթնիկ սրբություններ։
Կարևոր չէ, թե անհատը տվյալ պահին որ մշակույթին է պատկանում և ինչ մտածելակերպ ունի, կարևորը պատմական աբստրակցիայի հանդեպ խորը հիացմունքի զգացումն է: Այսինքն՝ էթնիկական զգացումը որոշ չափով կռապաշտական զգացում է, ու այնքան անդիմադրելի, որ մարդու մեջ բացի զոհաբերվելու պատրաստակամությունից առաջացնում է նաև էթնիկական հավակնոտություն։ Հարկ է հատուկ նշել, որ էթնիկ աշխարհայացքը չափազանց սուբյեկտիվ երեւույթ է։ «Այն ամենը, ինչ ուղղակիորեն կապված է որոշակի անհատի կամ խմբի ինքնության, ինչպես նաև ազգային սրբությունների և արժեքների հետ, շատ զգացմունքային է ընկալվում և հաճախ մեկնաբանվում է ոչ այնքան ռացիոնալ, որքան իռացիոնալ կերպով»: Նման ընկալումը հանգեցնում է պատմությունը մեկնաբանելու շուրջ անհամաձայնությունների և «հիշողության պատերազմների»։
Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է էթնիկ հանրությունների հատկությունները հասկանալու համար։ Չէ որ հաճախ ամենից տարածված հատկություններից մեկը անդամների ու խմբերի ներէթնիկական փոխադարձ ատելությունն է դառնում։ Երբեմն էթնիկ համակարգերի առանձին բաղադրիչների մոտ ի հայտ է գալիս նիհիլիզմ մյուսների նկատմամբ՝ թելադրված սոցիալական դրվածքներից և նախապաշարմունքներից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ էթնիկ հանրության անդամների միջև հորիզոնական կապերի խաթարում է դիտարկվում։ Իսկ երբեմն էլ գործը կարող է հասնել այն բանին, որ պատմությունը, մշակույթը և տարածքը յուրացվեն նույն էթնիկ խմբի միմյանց դեմ պատերազմող և մյուս մասի իրավունքները մերժող այս կամ այն կողմի կողմից: Մի իրավիճակ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ հենց նա է ներկայացնում էթնոսը։ Այսօր դրա լավագույն օրինակը ռուսների և ուկրաինացիների անհաշտ առճակատումն է, ովքեր հանդիսանում են Կիևյան Ռուսիայի էթնիկ հանրության ժառանգները։
Վերոնշյալ պնդումներն ավելի լավ պատկերացնելու համար ներկայացնենք իրենց և աշխարհի մասին այն պատկերացումները, որոնք բնորոշ են հայ և թուրք էթնիկ հանրությունների անդամներին: Ընդ որում, դա անելու ենք՝ հիմնվելով էթնիկ հանրությունների համակարգի կառուցմանը վերաբերող վերևում արդեն նշված տեսական պատկերացումների (մշակութային պարադիգմների) վրա:
Հայերի և թուրքերի էթնիկ ինքնության հիմունքները
Հայերի մշակութային պարադիգմներն են՝
— սեփական կերպարը՝ հալածված, ստեղծագործ, խաղաղասեր ժողովուրդ, որը մարտնչում է հանուն հավատքի,
— գործունեության դաշտը՝ ծովից ծով ձգվող մի սուրբ հող, որի կենտրոնում գտնվում է բիբլիական Արարատ լեռը և հոսում է Արաքս գետը,
— թշնամու կերպարը՝ արևելյան ժողովուրդների վայրի հորդաներ, որոնք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին,
— գործունեության եղանակը՝ ազգային համախմբում և հովանավորի փնտրտուք,
— գործունեության պայմանները` արտաքին հովանավորչություն։
Այս պարադիգմները, ընդունված արժեքային կողմնորոշիչների հետ միասին, ձևավորում են աշխարհի հետևյալ պատկերը (հայերի պատկերացրած աշխարհի էթնիկ պատկերը).
աշխարհն անարդար է ու մեր դեմ, մեզ ուզում են ոչնչացնել, մենք թույլ ենք, մենք չունենք բարեկամներ ու հովանավորներ։
Աշխարհի նման պատկերը ձևավորում է գործունեության ձևերի մասին երկու պատկերացում՝ հիմնված աշխարհից վիրավորվելու և վերացական մեղքի զգացումների վրա։ Գործունեության այդ ձևերը հետևյալն են.
ա) հավակնություններ ներկայացնել աշխարհին և «ազատություն կամ մահ» կարգախոսի ներքո տրամադրվել պայքարի ու փնտրել «երբեմնի հզորությունը»,
բ) հրաժարվել հավակնություններից և համակերպվել աշխարհի անարդարության ու «միջազգային հանրության» թելադրանքների հետ (գնալ հարևանների հետ խաղաղության):
Այս մոտեցումներից ոչ մեկը երբևէ չի բերել ազգային խնդիրների լուծմանը։ Իրականում նման պատկերացումները հանգեցնում են անզորության վիճակի և արտաքին հովանավորի փնտրտուքի: Հարկ է ընդգծել, որ հայ էթնիկ փիլիսոփայությունը վաղուց այլ կերպ չի պատկերացնում գործունեության պայմանները, բացի արտաքին այս կամ այն ուժի հետ դաշինքից։ Նման դաշինքը պարտադիր պայման է դարձնում հովանավորչությունը գործունեության դաշտի նկատմամբ։ Եվ ամենակարեւորը, նման դաշինքն ընկալվում է ոչ թե որպես ինչ-որ պարտադրված բան, այլ որպես կենսագործունեության ամբողջ համակարգի ամենաարժեքավոր բաղադրիչը:
Ավելին, ցանկացած ներէթնիկ հակամարտություն առաջանում է հիմնականում ենթաէթնիկ խմբերի կողմից արտաքին դաշինքի գաղափարի և բնույթի մասին ունեցած տարբեր ընկալումների արդյունքում։
Տարբեր էթնոսների էթնիկ աշխարհընկալումներն ու էթնիկ փիլիսոփայության էությունները համեմատելու և լավ հասկանալու համար բերենք աշխարհի և իրենց մասին թուրքերի պատկերացումները (դրա համար կօգտագործելով ազգագրագետ Ս. Լուրիեի համոզիչ հետազոտությունները)։
Թուրքերի մշակութային պարադիգմներներն են՝
— սեփական կերպարը՝ թուրքը հատուկ տարատեսակ է, մուսուլմանական մի զանգված, որը ձգտում է ընդարձակման և այլոց նկատմամբ ունի գերազանցության բարդույթ, այն կոչված է ղեկավարել այլ ժողովուրդների, այն անվերջ բազմություն ենթադրող մի զանգված է, որտեղ տարալուծվում է անհատը,
— գործունեության դաշտը ՝ թուրքերը չունեն Հայրենիք հասկացությունը, բայց կա նախնիների հեռավոր ծննդավայրը, իրականում թուրքերի համար Հայրենիք է հանդիսանում ամբողջ աշխարհը,
— թշնամու կերպարը՝ զանգվածին դիմադրող արտաքին միջավայրը,
— գործունեության եղանակը՝ մշտական պատերազմը և զանգվածի ընդլայնումը աշխարհը նվաճելու հաշվին,
— գործունեության պայմանները`ավելի հաջողակ մրցակիցների (եվրոպական քաղաքակրթության) ընտիր բովանդակությունների փոխառումը և նմանակումը, ընդ որում, ազգի ուժը կառուցված տեսնելով «մշակույթի մաքրության» հիմքի վրա։
Հարկ է պարզաբանել, որ նկարագրված պարադիգմները նախկին Օսմանյան կայսրության մահմեդականների գիտակցության մեջ մտցվել են թուրքական ազգային պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Իրականում թուրքերի էթնիկ ինքնագիտակցությունը ծայրաստիճան հակասական է. այդ էթնոսը պարբերաբար կանգնում է ինքնության ճգնաժամի առաջ։
Օսմանյան կայսրության փլուզումը նրա բնակչության կողմից ընկալվեց որպես աշխարհի վերջը։ Էթնիկական գիտակցության մեջ մեծ տեղ գրավեց «անցյալի հզորությունը» վերադարձնելու մասին թեզը, մասնավորապես՝ Թուրանի համար պատերազմի միջոցով։ Այնուամենայնիվ, էթնիկ խմբի որոշ անդամներ պարբերաբար ժխտում են թուրքական ինքնությունը և ավելի շատ հակված են օսմանցի մահմեդականի կերպարին։ Մինչդեռ մյուս մասը հակված է իրեն տեսնել Բյուզանդիայի ու նրանում բնակված ժողովուրդների ժառանգորդի կարգավիճակում, և ոչ թե նույնանալ օտար թուրքերի հետ: Բոլոր ենթաէթնիկ խմբերին միավորում է ուժեղ բանակի, որպես երբեմնի հզորության վերադարձը երաշխավորողի, կերպարը։
Պետք է նկատել, սակայն, որ երկու տարբեր էթնիկ փիլիսոփայություններն ունեն նաև շատ ընդհանուր հատկանիշներ: Առաջին հերթին խոսքը էթնիկ պարադիգմների հակվածությունն մասին է՝ հրահրել իրականության խեղաթյուրում: Այն դեպքերում, երբ իրականությունն արտացոլող փաստերը սկսում են առնչվել մարդկանց այն համոզմունքների հետ, որոնք հակադրվում են տվյալ փաստերին, այդ մարդիկ ակամա կամ նպատակաուղղված կերպով սկսում են խեղաթյուրել տվյալ փաստերը։ Սա հետևանք է հոգևոր այն անհարմարության, որն առաջանում է, երբ անհնար է դառնում փաստերը հարմարեցնել էթնիկ պարադիգմներին։ Թերևս հենց նկարագրված երևույթն է դառնում շատ ժողովուրդների կողմից իրողությունների ոչ ադեկվատ ընկալման հիմնական պատճառն ու որպես հետևանք՝ ազգային բազմաթիվ ցնցումների տեղիք տալիս։
Հայերի և թուրքերի էթնիկ փիլիսոփայությանը հակիրճ ծանոթությունը թույլ է տալիս հասկանալ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ առաջացած անզիջողականության պատճառները։ Բայց դա մեկ այլ անդրադարձի թեմա է։ Հիմա անդրադառնանք էթնիկ հանրության կողմից պետություն կառուցելու թեմային։ Չէ որ ավելի արդիական թեմա դժվար է գտնել հիմա։
Մաս երրորդ
Էթնոսը և իրավական պետությունը
Անցնենք այս տեղեկանքի հիմնական թեմային:
Ի՞նչ խնդիրների է բախվում էթնիկ հանրությունը, երբ որոշում է իրավական պետություն կառուցել։ Նոր պետությունների հանրությունների համար սա ամենաակտուալ հարցն է։ Իրականությունն այն է, որ շատ էթնոսներ դարեր շարունակ չեն ունեցել իրենց պետությունները և, որպես ազգային փոքրամասնություններ, ապրել են այլ պետությունների կազմում: Չէ որ յուրաքանչյուր պետություն ունի իր տիտղոսակիր ազգը, իսկ փոքրամասնություններն էլ սովորաբար պահպանում են իրենց էթնոմշակութային ինքնությունը:
Կրկին ընդգծենք, որ միավորվելիս մարդիկ պետք է իրենց այդ քայլի մեջ առանձնահատուկ արժեք տեսնեն։ Ուստի, նպատակաուղղված համատեղ գործունեությունից բացի, ցանկացած հանրությունում մշտապես աշխատանքներ են տարվում՝ պաշտպանելու համար իրենց միավորող գաղափարը։ Գործունեության այս երկու տեսակները ձևավորում են էթնոսի ընդհանուրի վարքագիծը և ակտիվության բնույթը:
Մենք հակված ենք պնդելու, որ հաճախ միավորող գաղափարի պաշտպանությանը միտված շարժումը և հանուն կոնկրետ նպատակի համատեղ գործունեությունը հակասում են միմյանց։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անհատները միավորվում են էթնիկական գաղափարների հիման վրա, բայց նպատակ ունեն պետություն կազմավորել։
Էթնոսի կենսագործունեության ներկայացված ձեւը լուրջ խնդիրներ չի ունենում այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունն իր առջեւ պետություն կառուցելու նպատակ չի դնում։ Միայն նման նպատակ դնելուց հետո են հանրության անդամները գիտակցում, որ իրենց պետք է ինքնակազմակերպման բոլորովին այլ համակարգ։ Բայց և այնքան էլ արագ չի գալիս գիտակցումը, որ դեպի ներազգային կարգերի կազմակերպման ավելի բարձր աստիճան հանրության շարժընթացը մշտապես հանգեցնելու է ներհանրային ուժեղ առճակատումների և փոխակերպումների։ Բոլոր դեպքերում դրա պատճառը էությամբ տարբեր երկու հայացքների անհամատեղելիությունն է։ Հայացքներ, որոնք վերաբերում են մի կողմից միավորիչ գաղափարի պաշտպանությանը, իսկ մյուս կողմից՝ պետական կարգ ստեղծելու մարդկային գործունեությանը։
Այս պարադոքսալ թվացող երեւույթի պատճառը ո՞րը կարող է լինել։
Այս տեղեկանքում մենք հակված ենք հիմնավորելու մեր այն վարկածը, որ ներազգային կարգ ձևավորող սկզբունքների մասին էթնիկական ցանկացած ընկալում ի սկզբանե հակասում է պետական կարգ հաստատելուն միտված, որոշակի անձանց կողմից մշակվող ու իրականացվող արդյունավետ գործունեությանը։ Էթնիկ հանրությունն անցնում է ինքնաքայքայման երկար ճանապարհով, մինչև որ ժամանակի ընթացքում ի հայտ է բերում միավորման մի այլ մեխանիզմ՝ քաղաքացիական գիտակցությունը (քաղաքացիական բարոյականությունը): Ժամանակին, երբ մարդիկ ծանոթ էին միայն պետականության մի ձևի՝ միապետությանը, դա հնարավորություն տվեց մարդկանց հասկանալ, որ քաղաքացիական հիմքով պետություն չի կարող կառուցվել, երբ կազմակերպվում ես էթնիկական սկզբունքների հիման վրա։ Չէ որ միապետություններում հանրությունները կազմակերպվում էին կրոնական մտածողության հիմքի վրա՝ իրենց մեջ կրելով «Աստծո ընտրյալ» տիրակալի մասին հպատակի փիլիսոփայությունը։ Մի կողմում կա տիրակալ, մյուս կողմում՝ հպատակներ, ահա սա է միապետության կազմակերպման պարադիգմը։
Իսկ իրավական պետության կառուցման ուղին բռնած հանրության կենսագործունեության համար անխուսափելի գործընթաց է հրաժարումն առաջնային ՝ էթնիկական հիմքով միավորման գաղափարից հօգուտ միասնական քաղաքացիական բարոյականության: Պետք է նկատել, որ դա շատ ցավոտ գործընթաց է։ Այդ հրաժարումը չի կարող լինել առանձին անհատների կամքով. այն տեղի է ունենում ճգնաժամային իրավիճակներում ողջ հանրության կողմից պարբերաբար փիլիսոփայական ընտրություններ կատարելու միջոցով: Ուստի իրավական պետության կայացման գործընթացն անվերջ փլուզումների մի շարան է։ Պատճառն այն է, որ իրավական գաղափարները հանրության անդամների կողմից շատ երկար ժամանակ դիտվում են որպես «հակազգային, քայքայիչ» գաղափարներ։
Ա. Էթնիկ հանրությունը։
Ինչո՞ւ հարկ եղավ այդքան մանրամասն կանգ առնել էթնիկ աշխարհի տեսլականը բնութագրելու վրա։ Որովհետև ժամանակակից յուրաքանչյուր ազգի վիճակը մշտապես որոշվում է էթնիկ աշխարհայացքի (և նրա պարտադրած վարքի կանոնների) պարբերաբար կրկնվող պատերազմներով ընդդեմ այն «վարքականոնի», որը մարդն ընտրել է, երբ որոշել է ապրել հանրային-քաղաքական այլ կազմակերպությունների ներքո։ Մենք հակված ենք պնդելու, որ ողջ հանրային կյանքը մշտապես ընթանում է պետական կյանքից էթնիկ բարոյականության կանխադրույթների աստիճանական դուրսմղման և նոր ձևավորվող քաղաքացիական բարոյականության կանխադրույթների ազդեցության տակ։ Դա ավանդույթների վրա հիմնված կոլեկտիվ վարքագծի դուրսմղման և միմյանց հավասար իրավունքները ճանաչող անհատների միջև կայացված պայմանագրի վրա հիմնված վարքագծի հաստատման գործընթացն է: Իսկ ազգային պետությունը քաղաքացիական բարոյականության հաղթանակի արդյունք է։
Հստակեցնենք, որ էթնիկ բարոյականության վրա հիմնված միավորման դեպքում գործ ունենք անհատների կազմած հանրության հետ, որտեղ յուրաքանչյուրը էթնիկ հանրության անդամ է առանց որևէ իրավունքի։ Իրավունք ունի միայն էթնիկ հանրությունը։ Նման հանրությունում կարգուկանոնը հիմնված է էթնիկ գաղափարների ավտորիտարիզմի վրա։ Ի դեպ, նման հանրությունն իր էությամբ կարող է լինել հենց ավտորիտար (կլանային)։
Ի տարբերություն այս հանրության՝ քաղաքացիական հանրությունը հիմնվում է անհատների պայմանագրի վրա, ովքեր զգում և ճանաչում են, որ ունեն որոշակի իրավունքներ: Նման միավորումը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ անհատները գալիս են համընդհանուր համաձայնության՝ ճանաչելով միմյանց իրավունքները և պատասխանատվություն ստանձնելով ընդունված պայմանավորվածությունների համար։ Իսկ միավորման ամենակատարյալ տեսակը ճանաչում է կոլեկտիվ պայմանագիրը՝ Սահմանադրությունը, որպես բարձրագույն սրբություն։ Արդյունքում ավտորիտարիզմը որպես երեւույթ արմատախիլ է արվում: Միայն այս դեպքում է սովորական հանրությունը վերածվում օրինական իշխանություն ձեւավորելու ունակ քաղաքացիական հանրության, այսինքն՝ ազգի։
Նկարագրված երկու հանրությունների փիլիսոփայության հիմնարար տարբերությունն էլ հենց դառնում է վերը նշված վարքականոնների պատերազմի պատճառ։ Անկախ պետականություն կառուցելու ուղին բռնած էթնիկ հանրությունը հանրային-քաղաքական կյանքում էթնիկ պոստուլատների գերակայության պատճառով անպայմանորեն հայտնվում է անօրենությունների դաշտում։ Ավտորիտար գաղափարներն իրենք իսկ խոչընդոտ են դառնում ներազգային կարգերի հաստատման ճանապարհին` հանրության մեջ հաստատելով հանցավոր բարքերի ու հարաբերությունների դիկտատ։
Դրա հիմնական պատճառը էթնիկ պոստուլատների՝ պետական մակարդակով հանրության անդամների փոխհարաբերությունները կարգավորելու անկարողությունն է։ Էթնիկական պոստուլատները նման ներուժ պարզապես չունեն։ Հանրության ներսում փոխհարաբերությունների կարգավորումը գտնվում է մի այլ փիլիսոփայության իրավասության ներքո։ Փիլիսոփայություն, որին չի տիրապետում էթնիկ հանրությունը։
Բ. Քաղաքացիական օրենսգիրքը և համաձայնության հիման վրա կայացող նոր միավորումը։
Եվ այսպես՝ հանրության միջավայրում քաղաքացիական բարոյականության նորմերի հաստատումը դառնում է միակ պայմանը ներազգային կարգի ձևավորման համար, մի կարգի, որն առաջնահերթություն է տալիս իրավունք և օրինականություն հասկացություններին։ Նման կարգը պահանջում է միմյանց միջև անհատների ընդհանուր պայմանավորվածություն։ Անհնար է դառնում համաձայնության գալ այն գաղափարների հիման վրա, որոնք ի սկզբանե միավորում էին մարդկանց էթնիկ հանրության ներքո։ Անհատները համաձայնության են գալիս քաղաքացիական իրավունքների և միասին ապրելու նորմերի վերաբերյալ՝ այլ գաղափարների հիման վրա։ Այս նորմերը վերաբերում են հանրության անդամների իրավունքներին և նրանց համատեղ կյանքի կազմակերպման ու կառավարման սկզբունքներին։
Տիրապետելով նկարագրված ունակություններին՝ մարդը քաղաքացիական բարոյականության կրող է դառնում։ Էթնիկ հանրության անդամից անհատը վերածվում է իրավական պետության քաղաքացու։ Եվ այս սկզբունքով կազմակերպված հանրությունը վերածվում է ԱԶԳԻ։
Էթնիկ գաղափարների աշխարհը պետք է տեղայնացվի քաղաքացիների ստեղծագործական գործունեության և նրանց անձնական կյանքի շրջանակներում։
Էթնիկ գաղափարներից իրավականին անցնելու գործընթացը իսկապես մի բարդ, իսկ երբեմն, անգամ քայքայիչ գործընթաց է: Բայց, այլ ճանապարհ չկա։ Իրավական կարգերի մասին ոչ մի խոսակցություն չի կարող փոխել կյանքը, քանի դեռ չկա հավատ իրավունքի ուժի նկատմամբ: Իրավունքի օգտին ընտրությունը տեղի է ունենում ճգնաժամային իրավիճակներում։
05.05.2022թ․