«Սպարապետ» կենտրոնի կողմից կազմակերպված անդրանիկ քննարկման արդյունքները

Հուլիսի 18-ին 2024 տեղի է ունեցել ««Սպարապետ» Հայկական Քաղաքացիական Նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպված անդրանիկ քննարկորւմը:

Քննարկմանը մասնակցել են՝ քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, սոցիոլոգներ, պետական կառավարման ու դիվանագիտական ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետներ: Քննարկումը փակ էր, առանց մամուլի մասնակցության: Մասնակիցների քանակը՝ 15 փորձագետ:

Քննարկման հիմնական նպատակը մասնակիցներին ներկայացնելն էր «Սպարապետ»-ի ստեղծման նպատակները,  գործունեության ոլորտներն, լսել կարծիքներ եւ ուղերձներ:

Հնչած տեսակետներ.

  • Հայաստանում հետազոտական, կամ ուղեղային կենտրոնների ստեծման մեծ անհրաժեշտություն կա: Ավելին, 2020-ին մեր կրած պարտության հիմնական պատճառներից մեկը քաղաքական, պետական կառավարման, դիվանագիտական, սոցիալական ոլորտներում ընդունած որոշումների ոչ պրոֆեսիոնալիզմն է, փորձագիտական ու գիտական ներուժի անտեսումը, փորձագիտական կենտրոնների սակավությունը, Հայաստանի և Սփյուռքի ներուժի անտեսումը: Ցավոք սրտի, 2020-ից հետո այս հարցում որևէ հետևություններ չարվեցին,
  • պետական որոշումներն ընդունվում են առանց փորձագիտական վերլուծության, առանց հեռանկարաին զարգացման սցենարների կազմման, առանց հասկանալու աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման տրամաբանության ու դրանցից բխող մարտահրավերներն ու  հնարավորությունները, առանց ուսումնասիրելու եւ ուշադրություն դարձնելու հանրության տրամադրություններին,
  • քաղաքական համակարգի փլուզված լինելը ցույց է տալիս, որ պահի տակ ընդունվող, առանց փորձագիտական հետաքննության որոշումները բնորոշ են ոչ միայն այդ  պահի իշխանություններին, այլև, առհասարակ, բոլոր քաղաքական դերակատարներին:

Ընդունելով նման կենտրոնների ստեղծման կարևորությունն, ու, ողջունելով «Սպարապետ»-ի հիմնադրումը, քննարկման մասնակիցները կարևոր հարցադրումներ արեցին.

  • նման կենտրոնների աշխատանքի համար պետք են զգալի ռեսուրսներ, որոնք կարող են գոյանալ գրանտներից՝ պետության կողմից հատկացվող, կամ՝ շահագրգիռ մասնավոր դոնորների կողմից: Մյուս տարբերակով գումարները կարող են առաջանալ նման կենտրոններին տրվող հետազոտական պատվերների գումարներից,
  • քննարկման մասնակիցները նշեցին, որ նման մշակույթի բացակայությունն ամենամեծ խոչընդոտն է, որը թույլ չի տալիս արդյունավետ ու ինքնաբավ այսպիսի հետազոտական կենտրոնների կայացմանը,
  • հնչեց տեսակետ, որ այդ իրավիճակի պատճառներից մեկը Հայաստանում պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է: Պետական պատասխանատուների սխալ, երբեմն ճակատագրական որոշումների գնահատականի բացակայությունը, որի արդյունքում նրանք պատասխանատվության կենթարկվեին, թույլ է տալիս նրանց կայացնել կամայական որոշումներ, կարիք չունենալով իրենց կայացրած որոշումների հիմնավորումներն ունենալու, թեկուզ նման կենտրոնների ռեկոմենդացիաները իրենց որոշումների հիմքում դնելու միջոցով: 

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին մասնակցել «Սպարապետ»-ի նախաձեռնություններին, սակայն, նշելով, որ համակարգված աշխատանքի ու ինտելեկտուալ պրոդուկտ ստեղծելու համար վերը նշված հանգամանքները պետք է լուծում ստանան: