Աստված մահացել է, դեպի նոր հեթանոսություն

Մոտ 150 տարի առաջ Ֆրիդրիխ Նիցշեն կանխազգում էր. «Այն, ինչի մասին ձեզ պատմում եմ, հաջորդ երկու դարերի պատմությունն է։ Ես նկարագրում եմ այն, ինչը մոտենում է, որն այլ կերպ չի կարող լինել, քան նիհիլիզմի ի հայտ գալը… Մեր ողջ եվրոպական մշակույթը դարեդար, տանջալից լարվածությամբ, կարծես թե շարժվում է դեպի աղետ»։

Մեկ այլ հանճարեղ մտածող, «Արևմուտքի Վախճանը» գրքի հեղինակ Օսվալդ Շպենգլերը, նույնպես հոռետեսությամբ էր լցված.  «Մարդկությունը նպատակ չունի, պատկերացում չունի։ Մարդկությունը դատարկ խոսք է։ Կան բազմաթիվ հզոր մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարը, իր կյանքը և իր մահը»:

Մենք, 150 տարի հետո, որպես ականատեսներ, կարող ենք գնահատել նրանց կանխատեսումները: Նման մտորումները հատկապես ավելի են այժմեական ու ցայտուն դառնում, երբ մի որևէ նշանային գլոբալ միջոցառումների ժամանակ մեզ հերթական ուղերձ է հղվում, որոնցում Նիցշեի ու Շպենգլերի կանխատեսումները սպառնալից ապացույցներ են ձեռք բերում: 

2024-ի Փարիզում կայացած Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ցուցադրված Դա Վինչիի «Խորհրդավոր Ընթրիք» կտավի թատերական ներկայացումը, որտեղ Հիսուսի ու առաքյալներին ներկայացնում էին տրանսգենդերներ, և նրանց առջև թիկնած էր գինարբուքի, բերքատվության աստվածություն Դիոնիսոսը, դժվար թէ պատահականություն լիներ: 

Օլիմպիադան 4 տարին մեկ կազմակերպվող համաշխարհային նշանակության միջոցառում է, որին մասնակցում են իսլամական, բուդիստական, հնդուիստական, դեռևս քրիստոնեական համարվող երկրներ, նման պատկերը պարտադրանքի է նմանվում: Նրանք մասնակցում են այդ միջոցառմանը և ակամայից մասնակից են դառնում նման  ուղերձները: Կարևոր են նաև այդ ակցիայի արձագանքները:

Իրանում բողոքի համար կանչվել էր Ֆրանսիայի դեսպանը, Թուրքիայի նախագահը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ, իսկ ԱՄՆ-ում նախագահի թեկնածու Թրամպը  բողոքեց այդ տեսարանի դեմ, դա համարելով քրստոնեության դեմ ուղղված անարգանք, իսկ Դեմոկրատական կուսակցության վարչակազմի պետական դեպարտամենտի արձագանքը հակառակ տոնայնությամբ էր՝ այդտեղ ոչ մի անարգանք չկար: Փարիզում բողոքի ցույց էին դուրս եկել քրիստոնությունն իրենց ինքնության բաղադրիչ համարողները, Եվրոպայում նույնպես իրարամերժ հայտարարություններ են արվում: Օրեր անց այդ արարքը դատապարտեց Հռոմի Պապը:

Սա կարծես թե ավելին է, քան զուտ կրոնական զգացմունքների վիրավորումը: Եւ այդ «ուղերձները», և դրանց հետևած արձագանքները ցույց են տալիս, որ ընթանում է քաղաքակրթական պայքար, եթե ոչ՝ բախում: Նախ հիշեցնենք, որ Դիոնիսոս/Բաքոսը ունեն իրենց հին հռոմեական հոմանիշ աստվածությունը՝ Liber-ը, որից առաջացել է Liberty-ն և«լիբերալիզմ» տերմինը: Փաստորեն Դիոնիսոսը-Լիբերը, ըստ այդ ակցիայի հեղինակների, խորհրդանշում էր հաղթանակած լիբերալիզմը: 

Այս ամենը խորքային գործընթաց է և մենք պետք է ավելի ընդգրկուն կերպով փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Դա մեզ պետք է նաև այսօրվա Հայաստանում ընթացող զարգացումներն այլ տեսակյունով դիտարկելու համար: 

Առանց վերջին մի քանի հարյուր տարիների մարդկության պատմությանը հայացք չձգելու, այսօրվա իրադարձությունների ամբողջական պատկերը հնարավոր չի լինի հասկանալ, թե, առհասարակ, ինչ խորքային տրանսֆորմացիաների է ենթարկվել մարդկությունը միաստվածական կրոնների միջոցով, և ինչ էր նշանավորում Ֆրանսիական հեղափոխությունն, որն իր հետ բերեց քաղաքական մոդեռնիզմը, նոր գաղափարախոսություններ, որոնց հանգեցրեցին կրոնին, ընտանիքի ինստիտուտին, ավանդույթներին թշնաբար տրամադրված լիբերալիզմին:

Միաստվածության՝ մոնոթեիզմի «հայտնագործությունը»

Ի՞նչ է կրոնը: Կրոնը՝ լատիներեն religiō՝ նշանակում է կապ, սրբություն, առաջացել է լատիներեն religare բայից, ինչը նշանակում է կապել, կապնվել: Եթե ավելի խիստ մոտենանք այդ տերմինին, ապա «կրոն» կարող ենք համարել մոնոթեիստական ուսմունքները: Միաստվածությունը համակարգ է, որտեղ մեկ Աստծո օգնությամբ կանոնակարգվում են միջմարդկային հարաբերությունները, մեծ սոցիումների ձևավորման համար ստանդարտները, սկսած ընտանիքի հարցերից, միասնական մշակույթից, արարողակարգերից ու տոներից, անգամ հիգիենայից, և, վերջացրած, իշխանության լեգիմության խնդրից: Այսինքն, ով կարող է իշխել, որն է իշխանության լոգիտիմության հիմքը: 

Մոնոթեիզմի ի հայտ գալուց, աշխարհը սկսեց փոխվել, փաստորեն, եթե կա մեկ Աստված, Աստծո հեղինակության վրա հիմնված պատվիրաններ ու կանոնակարգեր, ապա դրանց հիման վրա ձևավորվում են սոցիումներ, և, վերջապես, քաղաքակրթություններ: Միաստվածությունը մեծ հանրություններ ձևավորելու և դրանք ստանդարտիզացիայի ու կանոնակարգման ենթարկելու հնարավորություններ է ստեղծում: 

Քրիստոնեությունը, որպես կրոն, այսինքն սոցիալական, բարոյաէթիկական և քաղաքական համակարգ, սկսեց ձևավորվել Հռոմեական կայսրությունում, և, Հռոմեական կայսրության կողմից, երբ ընտրվեց որպես պետական ու բոլորի համար պարտադիր ուսմունք:

Նույնը կարելի է ասել Իսլամի մասին: Արաբական թերակղզում, ըստ վավերագրերի, տիրում էին այնպիսի բարքեր ու ամենաթողություն, որ առաջացավ միաստվածության՝ խանիֆակականության պահանջ, այդ հարաբերությունները մեկ կենտրոնից ընդհանուր ստանդարտների բերելու և կանոնակարգելու համար: Այդ գործում մեծ էր քրիստոնեության և հուդայականության ազդեցությունը: Արդեն հետագայում, երբ կենտրոնական իշխանություն հաստատվեց իսլամական կայսրությունում՝ խալիֆաթը, արդեն նոր կենտրոնաձիգ իշխանությունն, ինչպես քրիստոնեության դեպքում Հին Հռոմում, առաջ եկավ սուրբ գրքի գրի առման, մեկ միասնական կանոնների ու ստանդարտների ձևավորման, բարոյաէթիկական նորմերի հաստատման, իրավական մտքի կայացման և իշխանության լեգիտիմության հիմքը դնելու անհրաժեշտությունը:

Պրոտեստանտիզմն ու մոդեռնիզմը

Բողոքական շարժումը տապալեց միջնադարյան Եվրոպայի միակ բացառիկ սուվերենի, Հռոմի Պապի իշխանությունը: Տապալվեց նաև Կաթոլիկ Եկեղեցու իրավունքն իշխանությունների լիգիտիմությունը ճանաչողի, միասնական բարոյա-էթիկական նորմերի միակ գրաքննիչի դերը: Դա շուռ տվեց այդ ժողովուրդների աշխարհընկալման պատկերացումը: Լուսավորության դարաշրջանն ու գիտության զարգացումը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին մտածել, որ տիեզերքը կառավարվում էր ոչ թե աստվածային նախախնամությամբ, այլ ֆիզիկայի օրենքներով: Փիլիսոփայությունը ցույց է տվել, որ իշխանության օրինականությունն արդարացվում է ոչ թե աստվածային օծմամբ, այլ քաղաքացիների համաձայնությամբ, բոլոր բարոյական տեսությունները այժմ կարող են գոյություն ունենալ նաև առանց Արարչի հիշատակման:

Եթե այս աշխարհը Աստծո նախագիծը չէ, պատվիրաններն ու Սուրբ Գիրքն անառարկելի հեղինակություններ չեն, ապա ինչպես կանոնակարգել հարաբերությունները: Առաջ եկավ նոր, Հանրային Պայմանագրի գաղափարը, այսինքն, հանրությունը պետք է ինչ-որ մի եղանակով կարողանա պայմանավորվել, թե ինչ արժեքների ու կանոնների վրա պետք է կառուցվեն հանրություններն ու պետական կարգ, առանց Աստծո հեղինակության: 

Ֆրանսիական հեղափոխությունից հետո սկսվեց նոր ժամանակաշրջան, որն առաջ քաշեց նոր կարգախոս՝ Ազատություն, Հավասարություն և Եղբայրություն: Առաջինը Ռոբեսպիեռն էր, որ Ֆրանսիայի ազգային գվարդիայի հանդիսավոր բացման ժամանակ արտասանեց այդ կարգախոսը: Իսկ որոնք են նոր պատվիրանները: Նոր պատվիրանները ԱՄՆ Անկախության հռչագրում և Ֆրանսիական հեղափոխության կողմից հռչակված Մարդու և քաղաքացու իրավունքներն են: Սակայն, արդեն չկա միակ և անառարկելի հեղինակությունը՝ Աստված, արդեն ցանկացած գաղափար, ցանկացած միտք կարող է վիճարկվել, իսկ Նոր Աշխարհի թշնամին արդեն  Հին Աշխարհն է, որը հենված էր Աստծո գաղափարի վրա: Այդ պատճառով մարդիկ, ըստ Նիցշեի ձևակերպման, սպանեցին Աստծոն, որովհետև  Աստված արդեն խանգարում էր Նոր Աշխարհը կառուցելու գործում: 

Նոր Աշխարհի գաղափարախոսներից Վոլտերը բողոքում էր, ասելով, որ եթե իր լաքեյն իմանա, որ Աստված չկա, իրեն գիշերը կմորթի և կթալանի, իսկ իր կինը վատ բարքերով կապրի:

Նոր արժեքներն արդեն փոփոխական են: Դա նկատի ուներ Նիցշեն, երբ գրում էր. «Հրաժարվելով քրիստոնեական հավատքից՝ դուք ձեր ոտքերի տակից հանում եք քրիստոնեական բարոյականության իրավունքը։ Վերջինս, ինքնին, ոչ մի կերպ հասկանալի չէ… Քրիստոնեությունը համակարգ է, իրերի համահունչ ու ամբողջական հայացք: Եթե դրանից դուրս ես հանում հիմնական հասկացությունը՝ հավատն առ Աստված, ապա ոչնչացնում ես նաև ամբողջը»։

Դա քրիստոնեական քաղաքակրթույան անկումն էր, սկսվում էր նոր փուլ, որտեղ մարդիկ մնալով առանց Աստծո, պետք է նոր գաղափարական տեսություններ առաջ քաշեին: Քաղաքական Մոդեռնիզմը, որը մերժում էր հին պատկերացումները, սկսեց կառուցել նոր տեսություններ, հիմնված ամերիկայան ու ֆրանսիական հեղափոխություններ վրա:

Ֆրանսիական հեղափոխության կարգախոսից Ազատության գաղափարը վերցնելով ԱՄՆ-ն այն զարգացրեց ու կառուցեց Pax Americana-ն, Ռուսական հեղափոխությունը վերցնելով Հավասարության գաղափարը, կառուցեց Սովետական Միությունն ու կոմունիստական համաշխարհային շարժումը: Եւ նոր Ֆրանսիան, և ԱՄՆ-ն և Սովետական Միությունը մոդեռնիստական կոնցեպցիաներ էին: Ազատությունն ու Հավասարությունն, ի դեմս ԱՄՆ-ի ու Սովետական Միության, դարձան մրցակիցներ և միմյանց դեպ պայքարելով գնացին ծայրահեղականության ու այլասերվեցին: Սովետական Միության փլուզման հետ վարկաբեկվեց Հավասարության գաղափարը, իսկ այսօր, մեր աչքերի առջև, իր հմայքն է կորցնում Ազատության գաղափարը, որի մարմնացումը, ԱՄՆ-ն, արդեն համոզիչ չէ մարդկության համար: Դրա վերջին վկաներն են Արցախի էթնիկ զտման ժամանակ ԱՄՆ վարչակարգի վերաբերմունքն, իսկ հիմա, Գազայի Ցեղասպանության հանդեպ կրավորական վերաբերմունքը: Նման օրինակների ցանկը կարելի է շարունակել:

Ինչ էր խորհդանշում Փարիզի Օլիմպիադայի բացման արարողությունը

Ինչպես նշեցինք, Սովետական Միության անկումը Հավասարության գաղափարի պարտությունն էր, իսկ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնի դիրքերի կորուստը նշանավորում է նաև ՛՛Ազատության՛՛ բևեռի անկումը: Ցանկացած արժեքավոր միտք երբ ծայրահեղացվում է, անկում է ապրում: Առաջինը տապալվեց Սովետական Միությունը, հիմա նույն ճակատագրին է արժանանում Pax Americana-ն:

Ազատության և Հավասարության բևեռների անկումը մենության մեջ է թողել Եղբայրության գաղափարը: Եղբայրությունը բնութագրվում է Հանդուրժողականությամբ ու Համերաշխությամբ: Օլիմպիադան սկսվեց, երբ Ապոկալիպսիսի Ձիավորը, որը խորհրդանշում էր  Solidarité-ն՝ Համերաշխությունը, հենց Լիբերալիզմի հաղթանակն էր գուժում: Բոլորը բոլորի եղբայրներն են, անգամ կենդանիներն են մեր փոքր եղբայրները, բոլորս բոլորին պետք է հանդուրժեն: 

Ազատությունն ու Հավասարությունն այլասերվել են, արդեն չունեն այն դյութանքն, ինչպես առաջ, հիմա մեզ, ըստ Օլիմպիադայի կազմակերպիչների, կարող է միավորել միայն Լիբերալիզմը:

Նիցշեն կանխազգում էր. «Աստված մեռած է, բայց մարդկանց էությունը այնպիսին է, որ հազարավոր տարիներ դեռ կարող են լինել քարանձավներ, որոնցում երևում է նրա ստվերը: Իսկ մենք, մենք պետք է հաղթենք նաև նրա ստվերին»:

Օլիմպիադայի բացման արարողության դեմ բողոքում են այն «քարանձավներում ծվարած մարդիկ», որտեղ Աստծո ստվերը դեռ պահպանել են:

Սակայն կա մի խնդիր, Շպենգլերը, և ոչ միայն նա, համարում են, որ քաղաքակրթությունները ձևավորվում են կրոնների հիման վրա, նրանց բերած արժեքային համակարգի, կանոնների, բարոյական ստանդարտների, միֆերի, առասպելների ու բարոյա-էթիկական նորմերի վրա: Առանց մնայուն արժեքների, քաղաքակրթություններ չեն ձևավորվում: Քրիստոնեական քաղաքակրթությունը սկսեց մահանալ, ինչպես այդ այդ մտածողներն էին գուժում, Ֆրանսիական հեղափոխությունից, իսկ մինչ այդ, Լուսավորության դարաշրջանից սկսած: Լիբերալիզմը չի կարող քաղաքակրթություն ստեղծել, իր հարափոփոխ, ոչ կայուն արժեքներով: Չկա այլևս անառարկելի հեղինակություն, կամ ինստիտուտ, որը կարողանա կայունություն ապահովել: Դա մեզ տանում է բազմաստվածության՝ Բաքեսի, Դիոնիսի, Լիբերի, և մյուս աստվածությունների պաշտամունքին: Ակնհայտ է մեկ բան, Արևմուտքը, որպես քաղաքակրթություն, այլևս չկա, բայց ունի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական ու ռազմական հզոր ներուժ: Իսկ ինչ է լինելու հետո, դա է այն գլխավոր հարցը, որի պատասխանը դեռևս չկա:

Հայկական քաղաքական մոդեռնիզմի ավարտը

Ֆրանսիական հեղափոխությունն ավետեց նոր աշխարհի սկիզբը, արդեն աստվածաբաններն ու հոգևորականները չեն մեկնաբանում Աստծո Խոսքն ու բացատրում աշխարհի եւ կյանքի իմաստները, չկա արդեն Մեծ Դատավորը, մարդիկ իրենք պետք է ստեղծեն Իմաստներ ու համակեցության կանոններ: Բոլոր ժողովուրդները պետք է հարմարվեին նոր իրավիճակին:  Սկսեցին փլուզվել միապետություներն ու կայսրությունները, ամբոխը մտավ մեծ քաղաքականություն: Հայերը նույնպես պետք է նոր Իմաստներ որոնեին: 19-րդ դարը ինչպես Եվրոպայի մյուս ժողովուրդները, հայերը նույնպես սկսեցին ազգային-ազատագրական պայքար, որն ուղղված էր հին կարգերի, և, բնականաբար, այդ կարգերի հենասյունի՝ եկեղեցու դեմ: 

Սովետական Միության ժամանակաշրջանում Հայաստանը հայտնվեց երկու զուգահեռ իրականության մեջ: Մի կողմից մոդեռնիստական նախագիծ հանդիսացող Սովետական կայսրությունում տեղի էր ունենում ինդուստրալիզացիան, կայացվում սովետական կրթական ու գիտական համակարգը, ձևավորվում սոցիալական ինստիտուտները, մյուս կողմից Սովետական Հայաստանում, զուգահեռաբար, ձևավորվում էր հայկական քաղաքական մոդեռնը. Ցեղասպանությունը մեծ անարդարություն էր և մեր զինանշանի վրա, որպես արդարության վերականգնման խորհրդանիշ, պատկերված է Արարատը: Ցեղասպանությունն աշխարհի կողմից ճանաչել տալն ազգային գիտակցության կենտրոնում էր դրվել, իսկ 1990-ականների սկզբին Արցախում տոնած հաղթանակն ընդամենն առաջին քայլն էր դեպի այդ արդարության վերականգնումը:

2020 թվականի պարտությունն կարելի է համարել հայկական քաղաքական մոդեռնի փլուզումը, հին իմաստներն այլևս չեն աշխատում: Կարելի է համարել, որ մենք մտնում ենք Պոստմոդեռն, սակայն ի՞նչ նոր Իմաստներ պետք է ստեղծվեն, դա գլխավոր հարցն է, առանց որի դժվար է պատկերացնել ապագա Հայաստանի գոյությունը: Մեծ հաշվով, նման խնդրի առջև է հայտնվել նաև ողջ քրիստոնեական քաղաքակրթությունը:

Ստեփան Դանիելյան
««Սպարապետ» Հանրային քաղաքականության
ուսումնասիրությունների կենտրոն»